Տնտեսություն

Գինեսի ռեկորդակիր Տաթևի ճոպանուղին զբոսաշրջության զարգացման մեծ արդյունքներ է գրանցել

4 րոպեի ընթերցում

Գինեսի ռեկորդակիր Տաթևի ճոպանուղին զբոսաշրջության զարգացման մեծ արդյունքներ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաթևի վերածնունդ» ծրագիրն ու «Տաթևեր» ճոպանուղին պետական և մասնավոր հատվածի հաջողված փորձ էր, որը 250 հազար զբոսաշրջիկ է բերել Սյունիքի մարզ, զարգացրել տեղական ենթակառուցվածքներն ու տեղացիների ներգրավվածությունը զբոսաշրջային բիզնեսում: Նոյեմբերի 18-ին ամփոփվեց նշված ծրագրի եռամյա գործունեության արդյունքները: Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում բարձր գնահատեց «Տաթևի վերածնունդ» ծրագրի արդյունքները: «Ծրագրի արդյունքները շատ դրական են և շատ կարևոր մեր երկրի համար, որովհետև ծրագիրը սկսվեց պետական և մասնավոր հատվածի գերազանց համագործակցության մոդելի վրա, երբ RVVZ հիմնադրամը մոտ 20 միլիոն դոլարի ներդրում կատարեց ճոպանուղու կառուցման, շահագործման և սպասարկման համար»,- նշեց Խաչատրյանը: Նա նշեց, որ պետությունը նույնպես կատարեց նույն չափով ներդրումներ՝ ենթակառուցվածքների ստեղծման և դրա որակի բարձրացման ուղղությամբ:

Խաչատրյանի համոզմամբ՝ ֆիզիկական ճանապարհների հասանելիությունը մեծացնելուն զուգընթաց անհրաժեշտ է ստեղծել նաև համապատասխան ենթակառուցվածներ՝ մասնավորապես զբոսաշրջային: «Դա մի կողմից կնպաստի զբոսաշրջիկներին սպասարկելուն և մյուս կողմից կստեղծի տեղական հնարավորություններ, աշխատատեղեր և եկամուտներ: Հիմա մենք անցել ենք արդեն այդ ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը»,- նշեց ՀԱՄՀ գործադիր տնօրենը:

RVVZ (Ռուբեն Վարդանյան-Վերոնիկա Զոնաբենդ) հիմնադրամի տնօրեն Արտակ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրն այնքանով ստացվեց, որ 3 տարի անց մենք ունենք զբոսաշրջիկների բավական կայուն հոսք դեպի «Տաթև»: Երեք տարում 250 հազար այցելու է եղել այնտեղ, որից 210 հազարն օգտվել է ճոպանուղուց»,- ասաց Մելքոնյանը: Հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց, որ 3 տարում Գորիսում բացվել է մոտ 10 հյուրանոց, իսկ շրջակա գյուղերում՝ 20 հյուրատուն: Մելքոնյանը նշեց, որ ճոպանուղու և դրա շրջակա ենթահամակարգերի աշխատանքներում ներգրավված 55 հոգուց 52-ը տեղաբնակ են: Շարունակվելու է այս տարի սկսված զբոսաշրջային բիզնեսի մեջ տեղական գյուղերի ներգրավման գործընթացը: «Այն հուշանվերները, օրինակ, որ մեզ մոտ վաճառվում են, պետք է պատրաստված լինեն տեղի գյուղացիների կողմից, ինչպես նաև կարելի է ճիշտ փաթեթավորմամբ ներկայացնել գյուղատնտեսական արտադրանքը»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ նաև ուղեկցորդների խմբեր կպատրաստվեն տեղի բնակիչներից կազմված:

«Տաթևեր» ճոպանուղին բացվել է 2010 թ.-ի հոկտեմբերի 16-ին՝ «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակում: Այդ տարվա հոկտեմբերի 23-ին «Տաթևեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Ռեկորդը գրանցվել է ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլև դրա կառուցման կարճ ժամանակահատվածի համար (10 ամիս): Նախագիծն իրականացվել է շվեցարա-ավստրիական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերությունը: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը` 10 մ/վ, խցիկում ուղևորների տարողությունը՝ 25 հոգի, ճոպանուղու ուղևորաթողունակությունը ժամում 200 հոգի: Ծրագրի նվիրատուներ են տարբեր ազգերի 140 ներկայացուցիչներ 18 երկրից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում