Քարաշամբում «արքայական» թաղումների մասին փաստող իրեր են պեղվել
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջին բրոնզեդարյան հուշարձան համարվող Քարաշամբում իրականացվող պեղումների ժամանակ չորս դամբարաններից դուրս են բերվել ջնարակված հարյուրների հասնող զարդակոճակներ, դաշույն, ձեւավորված նիզակ, թանկարժեք մետաղի օրինակներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քարաշամբը պեղող արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ այդ դամբարանները, նախնական տվյալներով, կարելի է թվագրել Ք.ա. 20-18-րդ դարերին: «Այդ ժամանակահատվածում նման քանակությամբ զարդակոճակները, ապակեպատ թռչունների արձանիկները, անոթի բեկորները համարում եմ շատ կարեւոր փաստագրումներ, որովհետեւ այդ ժամանակների համար ապակուց նման քանակությամբ իրեր պատրաստելը զարմանալի բան է: Դամբարաններից մեկում ամբողջ թաղման ծեսը շատ լավ էր պահպանվել: Որպես զոհաբերված կենդանիներ երկու ցլի գլուխ եւ մեկ ամբողջական ձի ենք պեղել»,-ասաց նա:
Քարաշամբում այս տարի բացված չորս դամբարանադաշտերից երկուսը թալանված էին, սակայն դրանցից նույնպես հսկայական նյութ է դուրս եկել: «Քարաշամբի դամբարանադաշտի պեղումները գալիս են լրացնելու մեր պատկերացումները Ք.ա. 20-18-րդ դարերի հասարակության վերաբերյալ, ընդ որում` թաղվածներն իրենց կարգավիճակով հնարավոր է շատ երեւելի մարդիկ են եղել, շատ բարձր կարգավիճակ են ունեցել: Պայմանականորեն նման թաղումներին անվանում են «արքայական»»,-ասաց նա: Արշավախմբի ղեկավարը նշեց, որ նյութերը հետազոտություններից հետո հնարավոր է տեղափոխվեն եւ պահվեն Հայաստանի պատմության թանգարանում:
Քարաշամբի դամբարանադաշտն ընդգրկում է երեք հեկտար հողատարածք: Տարիների հնագիտական աշխատանքներից հետո այն դեռ կիսով չափ է պեղված: Մի քանի տասնյակ սերունդներ` մ.թ.ա 23-րդից մինչեւ մ.թ.ա. 11-12-րդ դդ. այստեղ թաղման արարողություններ են կատարել, եւ հնավայրի բացառիկությունը նաեւ այն է, որ նույն տարածքում թաղված մարդկանց ծեսերի տարբերությունը կարելի է տեսնել միեւնույն հարթության վրա: Եթե մինչեւ 2015 թվականը դամբարանադաշտը պեղվի գոնե 80 տոկոսով, նախատեսվում է այս բացառիկ հուշարձանը թանգարանացնել: Քարաշամբի դամբարանադաշտի պեղումները սկսվել են 1987 թվականին: Դամբարանը պատկանել է ցեղապետի։ Այնտեղից հայտնաբերվել են թանկարժեք մետաղից ու բրոնզից զարդեր, զենքեր, իշխանության խորհրդանիշեր, սպասք, խեցեղեն առարկաներ։ Բացառիկ է նաեւ այնտեղից պեղված արծաթե դրվագազարդ գավաթը, որի վրա քանդակված պատկերները տեղեկատվություն են տալիս միջին բրոնզեդարյան Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին: