Փաստ մեկնաբանությամբ

Վրացագետը Մարգելաշվիլու հաղթանակը շահավետ է համարում Հայաստանի համար

3 րոպեի ընթերցում

Վրացագետը Մարգելաշվիլու հաղթանակը շահավետ է համարում Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահի ընտրություններում Գեորգի Մարգելաշվիլու հաղթանակից հետո հայ-վրացական հարաբերությունները կխորանան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը: Վրացագետը նշեց, որ վիրահայության և ջավախահայության խնդիրների լուծման հարցում «կամք դրսևորելու դեպքում» Մարգելաշվիլու առաջարկներն այդ երկրի խորհրդարանում ավելի մեծ աջակցություն կստանան, քան` նախագահի այլ թեկնածուների հաղթելու պարագայում: Նա ներկա փուլում Հայաստանի համար շահավետ է համարում Մարգելաշվիլու հաղթանակը:

Վրացագետը կարծում է, որ նոր նախագահի դեպքում թուրք-ադրբեջանական ազդեցությունը Վրաստանում որոշակիորեն կնվազի, կբարելավվեն այդ երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Էրոյանցը հիշեցրեց, որ Վրաստանի իշխանություններն այս տարի ոչ թուրքամետ եւ  ոչ ադրբեջանամետ հայտարարություններ ու մեսիջներ են արել, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու աստիճանից կախված` պաշտոնական Բաքուն ավելի փոխզիջումային տարբերակով «կհարաբերվի» Վրաստանի հետ: «Որքան Վրաստանի իշխանություններն ավելի ոչ թուրքանպաստ, ոչ ադրբեջանանպաստ քաղաքականություն վարեն, ինչը նկատվում է ներկայիս իշխանությունների գործելաոճում, այդ տեսակետից մենք այդքան կշահենք: Դեռ ավելին՝ հայ-վրացական հարաբերություններն ավելի կզարգանան, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ գործընթացում մեր պետությունը շատ մեծ դեր է խաղալու»,- ասաց Էրոյանցը:

Վրացագետը կարևորեց վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի իրավահաջորդի հարցը նոյեմբերին նրա` ակնկալվող հրաժարականից հետո: Էրոյանցի համոզմամբ՝ Գեորգի Մարգելաշվիլու ընտրությունից և նոր վարչապետի նշանակումից հետո Վրաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները բավական փոփոխություններ կկրեն:

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացված նախագահի ընտրություններին հաղթել է «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայից թեկնածու Գեորգի Մարգելաշվիլին: Նախնական տվյալներով՝ նա հավաքել է ընտրողների քվեների ավելի քան 60 տոկոսը: Վրաստանի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 46,6 տոկոսը կամ 1 միլիոն 648 հազար 662 մարդ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում