Փաստ մեկնաբանությամբ

Ադրբեջանում արդար նախագահական ընտրությունների ճանապարհով իշխանափոխությունն անհավանական է. ադրբեջանագետ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում արդար նախագահական ընտրությունների ճանապարհով իշխանափոխությունն անհավանական է. ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում նախագահական արդար ընտրությունների անցկացման ճանապարհով իշխանափոխությունն անhավանական է, եւ գործող նախագահ Իլհամ Ալիեւը մանիպուլյացիաների միջոցով կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը: Այդ մասին հոկտեմբերի 1-ին հրավիրված ասուլիսում ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: «Քաղաքական պայքարով այս պահին դժվար թե հնարավոր լինի Ադրբեջանում հասնել վարչակարգի փոփոխությանը: Վարչական բոլոր ռեսուրսները գտնվում են Ալիեւի ձեռքում, եւ նա ամեն ինչ անում է, որպեսզի վերընտրվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ասատրյանը:

Ադրբեջանագետը նշեց, որ թեկնածուների առատությունը ժողովրդավարության պատրանք ստեղծելու նպատակ ունի: Նա հիշեցրեց Ադրբեջանում ակտիվիստներին ձերբակալելու, ընդդիմադիր թեկնածուների պաստառները պոկելու բազմաթիվ դեպքերի մասին: Ադրբեջանագետը նշեց Ադրբեջանի նախագահի թեկնածուների դեբատներում շոուի տարրերի մասին: «Վերջնական արդյունքում ունենք մի իրավիճակ, որ Իլհամ Ալիեւը կարողանում է այսպիսի պրոցեսների շնորհիվ դուրս թողնել իր մրցակիցներին հետագա պայքարից եւ մաքրել իր ճանապարհը դեպի նախագահական աթոռ»,- ասաց Ասատրյանը: Ադրբեջանագետն ասաց, որ Ադրբեջանի նախագահի թեկնածուները շահարկում են արցախյան հարցը՝ ընտրազանգված ձեռք բերելու համար:

Ադրբեջանում նախագահական ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 9-ին: Նախագահի աթոռի համար կպայքարեն 21 թեկնածուներ: Հաղթողի հիմնական հավակնորդն է համարվում գործող նախագահ Իլհամ Ալիեւը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում