2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն ներմուծված թարմ կամ չորացրած ցիտրուսային պտուղների ծավալն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 53 տոկոսով եւ կազմել 7 հազար 123,9 տոննա: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա առաջին վեց ամիսներին մեր երկիր էր ներմուծվել 4 հազար 661 տոննա թարմ կամ չորացրած ցիտրուսային միրգ: Այս եւ նախորդ տարվա առաջին կիսամյակներում Հայաստան ներկրված ցիտրուսային մրգերի կիլոգրամի միջին մաքսային արժեքը կազմել է մոտ 1.17 դոլար կամ 450-490 դրամ (կախված դոլար/դրամ փոխարժեքից): Այս տարվա առաջին վեց ամիսներին ներկրված ցիտրուսները հիմնականում Հունաստանից են՝ 4 հազար 404.5 տոննա (ընդհանուր ծավալի մոտ 62 տոկոսը): Հունաստանից բերված ցիտրուսային մրգերի կիլոգրամի միջին մաքսային արժեքը կազմել է 1,21 դոլար:
«Արմենպրես»-ի հաղորդամբ՝ այս տարվա առաջին կիսամյակում ցիտրուսային մրգեր են ներկրվել նաեւ Եգիպտոսից՝ 1234,4 տոննա, Իրանից՝ 562,3 տոննա, Վրաստանից՝ 436,7 տոննա, Պակիստանից՝ 320,1 տ., Հարավաֆրիկյան Հանրապետությունից՝ 76,4 տ., Իսրայելից՝ 66 տ. եւ Չինաստանից՝ 23,1 տոննա: Կիլոգրամի հաշվարկով ամենացածր միջին մաքսային արժեքով ցիտրուսները բերվել են Վրաստանից (0,6 դոլար), ամենաբարձր արժեքովները՝ Չինաստանից (2 դոլար/կգ):
Այս օրերին Երեւանի սուպերմարկետներում նարինջը վաճառվում է կիլոգրամը 1200 դրամով, չինական մանդարինը՝ 3 հազարով, վրացականը՝ 4 հազար դրամով, կիտրոնը՝ 1700 եւ թուրինջը (գրեյփֆրութ)՝ 1300 դրամով: Այսինքն` Հայաստան ներկրված ցիտրուսային մրգերը սահմանից շուկա հասնելով մի քանի անգամ թանկացել են:
Հակոբ Վարդանյան