Փաստ մեկնաբանությամբ

Մաքսային միությանը միանալու որոշումը Հայաստանի 23-ամյա պատմության մեջ հեղափոխություն է. Հայաստանի գլխավոր կոմունիստ

3 րոպեի ընթերցում

Մաքսային միությանը միանալու որոշումը Հայաստանի 23-ամյա պատմության մեջ հեղափոխություն է. Հայաստանի գլխավոր կոմունիստ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ողջունում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը: Սեպտե,բերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` նշելով, որ այդ փաստթղթի ստորագրումը Հայաստանի Հանրապետության 23-ամյա պատմության մեջ հեղափոխական որոշում է:

«Մաքսային միությանը միանալն ուղղված է ոչ միայն ներկա սերնդի, այլ նաև ապագա սերունդների անվտանգությանը: Սա ապահովում է ոչ միայն հայաստաբնակների, այլև հատկապես ՌԴ-ում ապրող և աշխատող հայերի անվտանգությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ռուբեն Թովմասյանը:

Նրա խոսքով` այս որոշումը կզարգացնի նաև Հայաստանի արդյունաբերությունը: «1000-ից ավելի ձեռնարկություններ կան Հայաստանում, որոնք սերտացված կգործեն, կսկսեն աշխատել արդեն Ռուսաստանին պատկանող գործարանները: Պուտինը նաև հայտարարել է, որ Հայաստանում նոր ատոմակայան ստեղծելու ուղղությամբ քայլեր կտարվեն, նոր աշխատատեղեր կբացվեն, որն էլ կբերի տնտեսության զարգացմանը»,- նշեց Ռուբեն Թովմասյանը` հավելելով, որ կլուծվեն նաև արտահանման հարցերը: «Հայաստանը, գտնվելով Մաքսային միության սահմաններում, կխուսափի երկակի հարկերից, որը ևս մեծ աջակցություն կլինի մեր տնտեսությանը»,- ասաց նա:

Ռուբեն Թովմասյանի հավաստմամբ` Ռուսաստանն ու Հայաստանը փոխադարձաբար հավատարիմ գործընկերներ են, և չպետք է ստվեր գցել հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա:ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը նաև նշեց, որ Կոմկուսը իր բազմաթիվ ելույթներով ջատագովն է եղել «Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան» մաքսային միության զարգացմանն ու ամրապնդմանը, հետխորհրդային տարածքում անկախ պետությունների միության ստեղծմանը:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության այդ որոշմանը և հայտնել այդ գործընթացին համակողմանիորեն աջակցելու՝ ռուսական կողմի պատրաստակամությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում