Կրոնական անհանդուրժողականությունը խաթարում է հասարակության ներդաշնակությունը. Էդվարդ Նալբանդյան
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ. հանդիպումը, որը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:Բացման խոսքում ՀՀ արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այնպիսի երեւույթները, ինչպիսիք են՝ կրոնական անհանդուժողականությունը, խտրականությունը եւ այլատյացությունը ոտնահարում են մարդկային արժանապատվությունը եւ հասարակության մեջ կարող են լարվածության առիթ հանդիսանալ: «Պատմությունը ցույց է տվել, որ նման երեւույթների դեմ ոչ արդյունավետ պայքարը կարող է խաթարել հասարակության ներդաշնակությունը՝ վտանգելով հասարակության համախմբվածությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ այլոց ինքնության, ժառանգության, ազգային-մշակութային եւ կրոնական ավանդույթները հարգելը մեր հասարակությունների ներդաշնակ զարգացման եւ խաղաղ գոյակցության հիմնական պայմաններից մեկն է: «Երկխոսության մշակույթի եւ այլ մշակույթների նկատմամբ հարգանքը միշտ հատուկ է եղել հայ ժողովրդին: Գտնվելով կրոնների եւ մշակույթի խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ բազմաբնույթ հարաբերություններ է զարգացրել տարբեր քաղաքակրթությունների հետ: Մեր մշակույթը հարստացել է այդ շփումներից եւ փոխադարձաբար այն նպաստել է նաեւ այլ մշակույթների հարստացմանը»,- ասաց նա:
Նալբանդյանն ընդգծեց, որ այսօր հայ ժողովրդի մեծ մասն ապրում է հայրենիքից դուրս՝ իրենց մեջ կրելով երկակի ինքնություն: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ նրանք լիովին ինտեգրված են իրենց հյուրընկալած երկրների հասարակություններին՝ միաժամանակ կապված մնալով իրենց ազգային ինքնությանը: «Այս առումով նրանք բացառիկ կամուրջ են Հայաստանի եւ մնացյալ աշխարհի միջեւ: Ես կարծում եմ, որ 21-րդ դարում մենք պետք է ուժեղացնենք մեր ջանքերը ժողովուրդների մշակույթների, կրոնների եւ հասարակությունների միջեւ կամուրջներ ստեղծելու ուղղությամբ»,- ասաց Նալբանդյանը՝ շեշտելով, որ միայն այս կերպ հասարակությունները կապրեն ներդաշնակության պայմաններում:
Հանդիպման ընթացքում հնչեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը, որն ընթերցեց Գևորգ երպիսկոպոս Սարոյանը: Կաթողիկոսի ուղերձում նշվում է` Հայաստանի համար ողջունելի է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Հայաստանի նախագահության շրջանակներում անցկացվող նման համաժողովը և այն պետք է նպաստի միջմշակութային երկխոսության զարգացմանը: Կաթողիկոսի ուղերձում կարեւորվում է նաև մշակութային և կրոնական ինքնության հավասար դրսևորումը, որը համարժեք է մերձավորին սիրելուն և հանդուրժելուն: «Բայց իր հերթին էլ Եվրոպան պետք է հարգի հնագույն քրիստոնեական արմատներ ունեցող ժողովուրդներին` յուրահատկությունն ու բազմազանությունը դիտելով որպես համաեվրոպական հարստություն: Կաթողիկոսն իր ուղերձում նաև հիշեցրեց` Հայաստանը դարեր շարունակ հարգել է հարևան ժողովուրդների ազատությունն ու ինքնությունը: Մեզ համար ընդունելի չէ մարդու իրավունքների խախտումն ու ազատության նկատմամբ բռնությունը»,-ասված է Գարեգին Բ-ի ուղերձում:
ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնի անունից հանդես եկավ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի անդամ Պաոլո Կորսինին, ով շեշտեց, որ յուրաքանչյուր անձ խոսքի եւ դավանանքի ազատություն ունի, եւ պետությունները պետք է ապահովեն այս ամենը: «Մենք միշտ շեշտել ենք, որ կրոնի ազատությունը հանդիսանում է ժողովրդավար պետության հիմքը: Սակայն ցավով պետք է նշեմ, որ այսօր յուրաքանչյուր երրորդ երկրից մեկում կրոնական արգելքներ կան»,- ասաց Կորսինին՝ ընդգծելով, որ կառավարությունները պետք է ոչ թե վախենան կրոնական բազմազանությունից, այլ խրախուսեն դրանք: Նրա խոսքով` կրոնը մեծ ազդեցություն ունի հասարակության վրա, եւ իրենց ջանքերն ուղղված են այն բանին, որ տարբեր կրոնական համայնքներ, կրոնական եւ ոչ կրոնական կազմակերպություններ սերտորեն համագործակցեն եւ միասին համերաշխ ապրեն: