Քաղաքականություն

Դեսպան Վարդանյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահին

3 րոպեի ընթերցում

Դեսպան Վարդանյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում օգոստոսի 27-ին ՀՀ նորանշանակ դեսպան Ռաիսա Վարդանյանն իր հավատարմագրերն է հանձնել ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգը շնորհավորել է դեսպան Վարդանյանին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Հանոյում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը պատմական իրադարձություն է երկու երկրների համար։

ՎՍՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Հանոյում ՀՀ դեսպանության հիմնումը նոր թափ կհաղորդի երկու ժողովուրդների միջև դեռևս խորհրդային տարիներից եկող և ամուր հիմքեր ունեցող բարեկամական կապերին։ Դեսպան Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանը։

Զրույցի ընթացքում շեշտվել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը, առանձնակի կարևորվել է միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացումը: Դեսպան Վարդանյանը ՎՍՀ Նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։

Վիետնամի ժողովրդի անունից Նախագահ Չիոնգ Տան Շանգմ իր խորին երախտագիտությունն է հայտնել հայ ժողովրդին՝ իր երկրի համար դժվարին տարիներին ստացած աջակցության և օժանդակության համար։ Միաժամանակ, նա նշել է, որ Վիետնամի կառավարությունը երախտապարտ է խորհրդային տարիներին Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում ՎՍՀ քաղաքացիների բարձրորակ ուսուցումը կազմակերպելու համար։

Նա հույս է հայտնել, որ այդ շրջանավարտների մի մասը կարող է կամուրջ հանդիսանալ երկու երկրների միջև տարաբնույթ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու գործում։ Հանդիպման ավարտին նախագահ Չիոնգ Տան Շանգը հաջողություններ է մաղթել ՀՀ նորանշանակ դեսպանին՝ իր առաքելությունն իրականացնելու գործում՝ խոստանալով Վիետնամի ղեկավարության աջակցությունը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում