Հասարակական

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին

4 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորելու և իրենց հավատարմությունը, նվիրվածությունն ու զորակցությունը Հայ Եկեղեցուն հայտնելու նպատակով, 200 երիտասարդներ օգոստոսի 21-ին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, երիտասարդների հետ հանդիպումն սկսվել է Տերունական աղոթքով, ապա ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը եկեղեցասեր երիտասարդների անունից շնորհավորել է Հայոց Հայրապետին ծննդյան 62-րդ տարեդարձի առիթով: Երիտասարդական կառույցների ողջույններ և բարեմաղթանքներ Նորին Սրբությանը փոխանցել են նաև տարբեր կազմակերպությունների պատասխանատուները: Այնուհետև հոգևոր երգերի կատարումներով հանդես է եկել նորաստեղծ «Հավատամք» երգչախումբը:

Վերջում երիտասարդներին իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նորին Սրբությունը իր գնահատանքն է հայտնել երիտասարդներին` Հայ Եկեղեցու շուրջը համախմբվելու, Եկեղեցու հոգևոր առաքելության իրականացմանն աջակից լինելու համար` արձանագրելով, որ ազգի շարժիչ ուժը` երիտասարդությունը, նախանձախնդիր է իր Եկեղեցու կյանքի նկատմամբ, հավատարիմ` հայրերի սուրբ հավատքին ու ժառանգությանը, նվիրական սրբություններին ու ավանդույթներին: Նշելով, որ Հայրենիքը զորանում և Եկեղեցին փառավորվում ու պայծառակերպվում է, երբ աստվածահաճո կյանքով է ապրում ողջ ազգը, նրա բոլոր զավակները` Վեհափառ Հայրապետը հորդորել է երիտասարդներին միշտ Եկեղեցու օրհնության ներքո մնալ և մասնակիցը դառնալ Եկեղեցու առաքելությանը` ժողովրդին քրիստոնեական արժեքներով առաջնորդելու, նրա կյանքն այդ արժեքների վրա խարսխելու: Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամել է երիտասարդներին իրենց աղոթքով, հավատով և գործերով միշտ պայծառ ու շեն պահել մեր սուրբ Եկեղեցին:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանել է երիտասարդներին հուզող հարցերին, որոնք առնչվել են Եկեղեցու առաքելության իրականացման ճանապարհին երիտասարդների հնարավոր աջակցությանը, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման գործում երիտասարդության ներգրավվածությանը:

Էջմիածին այցելած երիտասարդները ներկայացրել են Հայ Եկեղեցու երիտասարդաց միավորումը, «Մայր Աթոռի Քարոզչական կենտրոն» խումբը, «Եկեղեցասեր երիտասարդներ» կառույցը, բուհական երիտասարդական միությունները, Մայր Աթոռի «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը, ինչպես նաև «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը», «Ռուսաստանի հայերի միության» և «Համաշխարհային հայկական կոնգրեսի» երիտասարդաց կազմակերպությունը, «Սերունդ», «Երիտասարդություն», «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունները:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, երիտասարդական խմբերի պատասխանատուներ Տեր Երեմիա աբեղա Աբգարյանը, Տեր Թովմա աբեղա Խաչատրյանը, Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը և Գեղամ սարկավագ Ավետիսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում