Փաստ մեկնաբանությամբ

Սիրիական պատերազմի ավարտը մոտ չէ. արևելագետ Սուրեն Մանուկյան

5 րոպեի ընթերցում

Սիրիական պատերազմի ավարտը մոտ չէ. արևելագետ Սուրեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վրա կատարված մահափորձն ու սիրիական իսլամականների և քրդերի միջև լարված իրավիճակն այսօր համաշխարհային մամուլի կիզակետում են: Պատերազմական Սիրիայում տիրող ներկա իրավիճակի, ամռան ամիսներին նկատված փոփոխությունների մասին օգոստոսի 9-ին տեղի ունեցած ասուլիսում խոսեց արևելագետ, Սիրիայի հարցերով փորձագետ Սուրեն Մանուկյանը: «Առաջին փոփոխությունը, որը նկատելի եղավ Սիրիայում գարնան վերջին և ամռան սկզբին, այն էր, որ սիրիական իշխանությունները նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին»,- հիշեցրեց նա: Մայիսի վերջից սկսած սիրիական զորքերը գրավեցին մեկ տարի առաջ կորցրած Էլ-Հուսեյլ քաղաքը, որը ամենակարճ ճանապարհն է Լիբանանից Հյուսիսային Սիրիա, որի միջոցով էլ կատարվում էր ընդդիմությանը զենքի, ֆինանսական միջոցների մատակարարումը: Ինչից հետո կառավարական զորքերը սկսեցին Հալեպի օպերացիան, որի համար նշվեցին հստակ ժամկետներ: Բաշար ալ Ասադն ասել է, որ մինչև աշուն հարցերը լուծված կլինեն:

Արևելագետի խոսքով` դա առաջին դեպքն է, որ Սիրիական իշխանությունները ժամկետներ են նշում, և նրանք են թելադրում պատերազմի զարգացման տրամաբանությունը: Երկրորդ նկատելի փոփոխությունը, ըստ Սուրեն Մանուկյանի, այն է, որ սիրիական իշխանությունները առաջին անգամ հայտարարեցին իրենց շարքերում կռվող ոչ սիրիական ուժերի մասին: «Այս անգամ հստակ հայտարարվեց, որ Հըզբոլահը սիրիական զորքերի կողքին է և կատարում է իր եղբայրական պարտքը: Բացի դրանից, տեղեկություն տարածվեց, որ իրանական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներ կան սիրիական բանակում: Այսինքն` սիրիական իշխանություններն ավելի ինքնավստահ են դարձել ու հաղթանակի ֆոնին համարձակություն են ձեռք բերել` նշելու, որ իրենք նաև արտաքին աջակցություն ունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Սիրիայի հարցով փորձագետը:

Հաջորդ զարգացումը, որի վրա շեշտադրում կատարեց Սուրեն Մանուկյանը, այն է, որ ընդդիմությունը լիովին տարաբաժանվեց երկու թևի` նշելով, որ չնայած մինչև այդ էլ կային խժդժություններ ընդդիմության ներսում, այս ամռանը երկու թևերը լիովին առանձնացան: «Ընդդիմության մի թևը Ազատ սիրիական բանակն է, մյուս կողմից` իսլամականները: Տարաձայնությունները այնքան մեծ են, որ իսլամականները ձերբակալեցին Ազատ բանակի ներկայացուցիչներին, երկու շաբաթ առաջ էլ սպանվեց Ազատ բանակի հրամանատարներից մեկը կրկին իսլամականների կողմից»,-ասաց արևելագետը:

Սիրիական պատերազմում ամռան ընթացքում գրանցված 4-րդ փոփոխությունն էլ քրդական գործոնի ավելացումն է, որոնք մինչև վերջին շրջանը չեզոքություն էին պահպանում: Սուրեն Մանուկյանի խոսքով` վերջին շրջանում լարվածությունը մեծացավ` կապված իսլամականների կողմից քրդական վերահսկողության տակ գտնվող տարածքներ ներթափանցման փորձով:«Արդեն երկու-երեք շաբաթ է, շարունակվում են արյունալի բախումները սիրիական իսլամականների ու քրդերի միջև, որը չպետք է կարծել, որ ձեռնտու չէ սիրիական իշխանություններին: Քրդական գործոնը երկսայր սուր է, մի դեպքում` քրդերն օգնում են իշխանական զորքերին, միևնույն ժամանակ սիրիական իշխանությունները չեն կարող չգիտակցել, որ քրդական հաղթանակի դեպքում քրդերը կարգավիճակի բարելավում կպահանջեն»,- ասաց Սուրեն Մանուկյանը:

Անդրադառնալով Բաշար Ասադի դեմ կատարված անհաջող սպանության փորձին` Սուրեն Մանուկյանը նշեց, որ թեև սիրիական բանակն արդեն սովորել է քաղաքացիական պատերազմի պայմաններում գործելուն, բայց եկել է մի փուլ, երբ պետք է կարողանա վարժվել ահաբեկչական պատերազմին, որը շատ մոտ է:

Սուրեն Մանուկյանի գնահատմամբ` սիրիական բանակը որոշակի հաջողությունների է հասել, բայց այդ հաջողությոնները չպետք է տպավորություն ստեղծեն, թե պատերազմն ավարտված է: «Իմ գնահատականներով` սիրիական լավատեսությունը, թե պատերազմը կավարտվի աշնանը, չափազանցված է: Այս պատերազմը երկար է տևելու»,-եզրափակեց Սուրեն Մանուկյանը:

Սիրիայում երկու տարուց ավելի պատերազմական գործողություններ են ընթանում կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում