2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում երկրի բարձրագույն ղեկավարությունը, մշակութային, հասարակական ու քաղաքական բազմաթիվ անվանի գործիչներ եկել էին հրաժեշտ տալու օգոստոսի 3-ին կյանքից հեռացած ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազատ Գասպարյանի դին թատրոնի շենքից դուրս բերելն ուղեկցվեց հավաքված հանրության բուռն ծափահարություններով:
Թաղման թափորը շարունակեց իր ընթացքը դեպիԵրևանի քաղաքայինպանթեոն, որտեղ կայանալու է դերասանի հուղարկավորությունը:
Օգոստոսի 2-ին, կյանքի 70-րդ տարում, ծանր հիվանդությունից հետո վախճանվեց հայ ժողովրդի կողմից սիրված արվեստագետներից մեկը` ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, Բնական գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, թատրոնի և կինոյի դերասան, ասմունքող Ազատ Նիկոլի Գասպարյանը:
Ազատ Գասպարյանը ծնվել է 1943թ.-ի օգոստոսի 13-ին, Երևանում: 1963 թ.-ին ավարտել է Երևանի ակումբագրադարանային տեխնիկումը, իսկ 1969 թ.-ին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` աշակերտելով Վարդան Աճեմյանին:
1963-1965 թթ.-ին աշխատել է Երևանի պետական տիկնիկային թատրոնում, 1969-1971 թթ.-ին՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1971-1979 թթ.-ին աշխատել է Երևանի Դրամատիկական թատրոնում, 1979 թ.-ին՝ հեռուստաթատրոնում: 1986 թվականից մինչև կյանքի վերջը Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասաններից էր։