2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազատ Գասպարյանն իսկական արտիստ էր, ով նոր մակարդակի հասցրեց հայ թատրոնն ու հայերենը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում մեծանուն դերասանի մասին այսպես արտահայտվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Ազատ Գասպարյանի ընկեր Ռազմիկ Խոսրոևը։ Նրա խոսքով՝ Ազատ Գասպարյանն արտիստիզմի մոհիկաններից էր, ում կորուստով հայ բեմը կորցրեց մեծ հայրենասերի։ «Նա բաց էր մարդկանց առաջ, նրան կարելի էր տեսնել Հայաստանի տարբեր դպրոցներում, մշակութային օջախներում, կառավարական միջոցառումներում։ Ազատն այնքան լավ գիտեր հայերենը։ Նա մեծ ակնածանք ուներ հայ ազգի և հայերենի հանդեպ։ Ազատը ժողովրդինն էր, ժողովուրդն էլ Ազատինը։ Երջանիկ է այդպիսի արտիստ ունեցող ժողովուրդը»,-նշեց Խոսրոևը։
Խոսելով Ազատ Գասպարյանի հետ վերջին հանդիպման մասին՝ Խոսրոևը նշեց, որ նա նույն ջերմությամբ ու խանդավառությամբ էր լեցուն։ «Վերջին տարին Ազատը զբաղվում էր մանկավարժությամբ, դասավանդում էր բեմական խոսք։ Մահվանից տասն օր արաջ նա եկավ ստուդիա՝ անցկացնելու ընդունելության վերջին քննությունը։ Ինչպես միշտ, ինձ Ռամզես անվանեց։ Այդ անունով էր դիմում նրա համար, որ ազգությամբ ասորի եմ։ Նա հարգում էր ասորիներին»,- ասաց Խոսրոևը։
Հայ ժողովրդի կողմից սիրված արվեստագետԱզատ Գասպարյանըմահացել է օգոստոսի 2-ին, կյանքի 70-րդտարում, ծանր հիվանդությունից:
Գասպարյանի վերջին հրաժեշտը կկայանա օգոստոսի 5-ին, ժամը 12:00-14:00, Գ.Սունդուկյանի անվանազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: