Փաստ մեկնաբանությամբ

Քաղաքագետն ու նախկին պատգամավորը սպասված էին համարում տրանսպորտի թանկացման դեմ պայքարողների «հաղթանակը»

3 րոպեի ընթերցում

Քաղաքագետն ու նախկին պատգամավորը սպասված էին համարում տրանսպորտի թանկացման դեմ պայքարողների «հաղթանակը»

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում նախքան թանկացումներ անելը պետք է նախ բարձրացնել աշխատավարձը: Այս մասին հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԽՍՀՄ Գերագույն խոհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Ինչու պետք է ամեն ինչ թանկանա եւ ինչու պետք է ավելին վճարենք` ավելին չստանալով: Թվում էր, թե հայ ժողովուրդը կուլ է տալու այս ամենը, բայց այդպես չեղավ տրասպորտի հարցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արշակյանը` շեշտելով, որ դա հաղթանակ էր ինքնաբուխ և չպլանավորած բողոքի արդյունքում:

Արշակյանը խոսեց նաեւ Հայաստանում հասարակական զարգացումների մասին:«Մեր քաղաքական կուսակցությունների անձնակազմը պետք է փոխել, քանզի նրանք արդեն հնացել են»,- ասաց Արշակյանը:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ` սա մի իրավիճակ էր, որը պետք է ստեղծվեր, քանզի հնարավոր չէր այլևս տանել այս համընդհանուր թանկացումները:«Ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, երբ սոցիալական բողոքը միանգամայն հնարավոր էր: Սա կուսակցական շարժում չէր, քաղաքական պայքար կարող է ձևավորվել ոչ միայն կուսակցական, այլ նաև քաղաքական հենքի վրա, ուստի սա նաև քաղաքական պայքար էր, քանզի նաև եղան հրաժարականի պահանաջներ»,- ասաց Հովհաննիսյանը` նշելով, որ հաճախ քաղաքական և քաղաքացիական պահանջմուքները հնարավոր չէ տարանջատել:

Արշակյանն անդրադարձավ նաեւ Պոդոլսկում ավտովթարի մասնակից հայ վարորդՀրաչյա Հարությունյանի դեպքին` նշելով, որ խալաթով նրան դատարան տանելը Ռուսաստանի ներքին խնդիրն է:«Այն մարդիկ, ովքեր թույլ են տվել նրան խալաթով բերել դատարան, պետք է վարչական պատասխանտվության ենթարկվեն»,- նշեց ԳԽ նախկին պատգամավորը:

Հայաստանում գազի և էլէկատրաէներգիայի սակագների բարձրացումը հանգեցրել է տարբեր տեսակի պարենային և ոչ պարենային ապրանքների թանկացման: Հուլիսի 20-ից պետք է թանկանար նաև տրանսպորտի սակագինը` 100 դրամի փոխարեն դառնալով 150 դրամ, սակայն հուլիսի 25-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես եկավ ուղերձով` նշելով, որ տրանսպորտի սակագնի վերանայումը կասեցվում է: Դա հաջողվեց նաև հասարակական լայն շերտերի համատեղ պայքարի շնորհիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում