Փաստ մեկնաբանությամբ

Արա Պապյանը կարևորում է Հայաստանի կողմից ադրբեջանական նավթի էմբարգոյի հարցի բարձրաձայնումը

2 րոպեի ընթերցում

Արա Պապյանը կարևորում է Հայաստանի կողմից ադրբեջանական նավթի էմբարգոյի հարցի բարձրաձայնումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պետք է բարձրացնի ադրբեջանական նավթի էմբարգոյի հարցը, քանի որ չի կարելի հակամարտող կողմից գնել նավթ և գազ, եթե այդ գումարը օգտագործվում է զենքի ստեղծման համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Նրա խոսքով՝ նմանօրինակ պահանջներ եղել են Իրանի, Իրաքի և այլ պետությունների դեպքում։ «Արևմուտքը իրանական գազը և նավթը դրեց էմբարգոյի տակ՝ արգելելու համար Իրանին զենք արտադրել։ Մենք ևս պետք է ավելի հետևողական լինենք՝ բարձրաձայնելու հարցը Արևմտյան երկրներում։ Չպետք է մոռանանք, որ ադրբեջանի գործողությունները ոտնահարում են կնքված զինադադարի սկզբունքները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պապյանը։

Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի մասին՝ Պապյանը նշեց, որ Ռուսաստանն իրավունք չուներ զենք վաճառել Ադրբեջանին, քանի որ նա եղել է հայ-ադրբեջանական զինադադարի միջնորդ։«Անկախ այն բանից, թե զենքի մատակարարումը ինչով է պատճառաբանվում և անկախ այն բանից, որ մենք ունենք համարժեք զենքեր, Ռուսաստանի վարքը վայել չէր դաշնակցին։ Կարևոր է նաև նշել, որ այդ ամենի ստվերում մնաց Հայաստանին ֆրանս-գերմանական հակատանկային զենքի մատակարարման մասին տեղեկությունը, որը ցույց է տալիս, որ արևմուտքը շահագրգռված չէ Հարավային Կովկասում պատերազմի առաջացմամբ»,-ասաց Պապյանը։

Ռուսաստանն Ադրբեջանին էր վաճառել հարվածային նշանակության շուրջ 1 միլիարդ դոլարի հասնող զինտեխիկա` նոր տեսակի տանկեր, զրահապատ մեքենաներ, հրետանային համակարգեր եւ այլն: Զինատեսակների թվում են եղել 94 միավոր Т-90С տանկ, մոտ 100 միավոր БМП-3 մարտական մեքենա, 18 միավոր «Мста-С» ինքնագնաց հրետանային սարքավորում, 18 միավոր համազարկային կրակի «Смерч» ռեակտիվ համակարգ, 18 միավոր ինքնագնաց հրետանային «Вена» զինատեսակ, 6 միավոր ТОС-1А կրականետ համակարգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում