«Հեռակառավարումը եւ լիբանանյան իրականությունը». Շահան Գանտահարյանն անդրադարձել է Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն իր հոդվածներից մեկում անդրադարձել է Հարավային Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբագիրն իր հոդվածում, մասնավորապես, գրում է.

«Հարավային Լիբանանում պատահած դեպքերը, լիբանանյան համատարած լարվածության ընդհանուր պարունակից դուրս չպետք է դիտարկել: Բանակի դեմ կատարված հարձակումը պետական խորհրդանիշի դեմ ոտնձգություն է. մանավանդ, որ միջադեպն իբրեւ արդյունք չէ, այլ ուղղակի կատարված հրահրում է պատահարը՝ մթնոլորտ եւ կացություն ստեղծելու համար:

Բանակին հասած ծանր հարվածին համարժեք հակազդեցությունը զինվորական հաստատության կամ պետական կարեւորագույն խորհրդանիշերից մեկի վերահեղինակավորումն է ենթադրում, որը պետք է կայանար արագ, արհեստավարժ գործողություններով հագեցած եւ զինյալ խմբավորումների կենտրոնների չեզոքացման արդյունքով ավարտվեր: Այդպես էլ ստացվեց։

Իհարկե, նույն տարողությունը չէր, այսուհանդերձ, զուգահեռը հյուսիսային Լիբանանում մի քանի տարի առաջ կայացած հակաահաբեկչական լայնածավալ գործողությունների հետ անտեղի չէր: Ի վերջո, բանակի դեմ կատարված զինյալ ծայրահեղական խմբավորումների ոտնձգությունների դեմ համարժեք պատասխան տալու գործողություններէին երկուսն էլ, որոնք միտված էին արմատապես չեզոքացնել նման ահաբեկչական նախաձեռնությունների հետևում կանգնած ուժերը:

Խնդիրը սակայն, գեթ իբրեւ հարցական կշարունակի մրճահարել ընդհանրապես լիբանանցի քաղաքացուն կամ շրջանի քաղաքական գործընթացներին հետեւողներին: Երբ հարավի, թե հյուսիսի մեջ, անցնելով Բեյրութից, զանազան միջադեպերի առիթով քաղաքացին ականատես է լինում նման խմբավորումների հրապարակ գալուն, զինյալ անարգել երեւույթների, հայտարարողական մակարդակի վրա ոչ մի հաստատություն հաշվի առնող ելույթների, հրահրման բնույթ ունեցող սուր ամբաստանությունների եւ վերջնագրի տեսքով հրապարակվող մոտեցումների, հակված է մտածելու, որ ապահովական գետնի վրա պայթունավտանգ կացության հասունացման բոլոր ճիգերը ի գործ են դրվում համակողմանիորեն:

Խմբավորումների գոյառումը, նրանց զինումն ու ֆինանսավորումը, զինյալ երեւույթների հետզհետե անարգել արմատավորումն ու տարածումը եւ միջադեպի առիթով կամ հրահրման իբրեւ անմիջական արդյունք՝ զինյալների անարգել շրջագայությունը, այդ ուղղությամբ կզարգացնեն մտածողությունը:

Իսլամական հարթության վրա միջդավանական մրցակցության, իրար հանդեպ հակակշիռ գործողությունների հարաբերությամբ կարելի է մեկնաբանել նման երեւույթների տարածումը: Հայտնապես՝ ոչ միայն Լիբանանի, այլ ընդհանրապես տարածաշրջանում իսլամ դավանանքները իրար հակադրելու աշխարհաքաղաքական ծրագրերի առկայության լույսի տակ:

Այս հանգամանքն է առավելաբար, որ մտածելու տեղիք է տալիս, որ նման հրահրումները, բախումները, հարձակման գործողությունները կարող են իրենց շարունակությունը ունենալ: Միեւնույն ժամանակ կա հստակ իրականություն, որ դրանք բոլորը կշարունակեն մնալ սահմանափակ բախումների օղակներում: Փաստը այն է, որ մեծ կողմերը կմերժեն ներքաշվել նման գրգռությունների ծրագրերի մեջ եւ կշարունակեն պահել զսպվածություն: Իհարկե, սա կարող է զուտ ներլիբանանյան որոշումներով չբացատրվել: Լիբանանը ոչ միայն քաղաքական հետախուզության բաց հրապարակ է, այլ նաեւ զինվորական, ավելի ճիշտ՝ զինյալ խմբավորումների:

Այս թոհուբոհում կարող է տարօրինակ չթվալ, քաղաքական բանակցությունների հանկարծակի վերսկսման կանաչ լույսերի վառվելը. այնպես ինչպես կոճակների հանկարծակի սեղմումով արագ համախոհություն գոյացավ նորանշանակ վարչապետի անձի շուրջ: Նույնքան վճռակամությամբ, սակայն անորոշության մատնվեց նոր կառավարության կազմության հարցը, կանաչ-կարմիր լույսերի (ան)տրամաբանությամբ:

Լիբանանյան քաղաքական կյանքի հեռակառավարման այս գործընթացը ինքնին լուրջ հարված է այս երկրի ինքնիշխանությանը եւ ինքնուրույն ղեկավարմանը: Այստեղ, ինչպես տարբեր հանգրվանների, մեծ բացական համալիբանանյան կամքն է երկիրը փակուղիներից դուրս բերելու: Հատվածայնությունը, դավանական մոտեցումների գերակայությունը պարզապես գործիքներ են հեռակառավարման համակարգի գործունեության անարգել ծավալման համար»:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում