Փաստ մեկնաբանությամբ

Քաղաքագետը կոչ է անում լուրջ չվերաբերվել Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին

4 րոպեի ընթերցում

Քաղաքագետը կոչ է անում լուրջ չվերաբերվել Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները մտահոգվելու առիթ չպետք է տան: Այս մասին հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: «Ալիեւն այդպիսի հայտարարություններ արել է նաեւ 10 տարի առաջ, կարող է անել նույնիսկ 10 տարի հետո, եթե իհարկե շարունակի նախագահ մնալ: Երեկ նա զորահանդեսի էր մասնակցում եւ ուղղակի պետք է ինչ-որ բան ասեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ ռազմատենչ հայտարարություններով Իլհամ Ալիեւը նաեւ պատրաստվում է երկրում սպասվող նախագահական ընտրություններին: «Ալիեւը փորձում է նման կարպ շահել հասարակության վստահությունը՝ նախագահական ընտրություններում հաղթելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ադրբեջանական իշխանություններն անընդհատ ցանկանում են ցույց տալ բնակչությանը, որ իրենք հզոր բանակ ունեն, որը ցանկացած պահի կարող է վերցնել Լեռնային Ղարաբաղը:

Լեւոն Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմի, արդեն վաղուց հարձակված կլիներ: Նա նշեց, որ Հայաստանը բոլոր առումներով պատրաստ է դիմակայել եւ լուրջ հակահարված հասցնել թշնամուն:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ սպառազինություն մատակարարելու հանգամանքին՝ քաղաքագետը մտահոգություն հայտնեց այն առումով, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառել Ադրբեջանին, սակայն հիշեցրեց, որ Ռուսաստանը միաժամանակ զինում է նաեւ հայկական բանակը: «Մենք պետք է շարունակենք Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը, քանի որ որեւէ այլ երկիր չի կարող մեզ այնքան զենք տրամադրել եւ այս առումով այդքան ակտիվ համագործակցել մեզ հետ, ինչպես դա անում է Ռուսաստանը»,- ասաց քաղաքագետը՝ վստահություն հայտնելով, որ հայկական կողմը պահում է եւ մինչեւ վերջ էլ կկարողանա պահպանել ուժերի հարաբերակցությունը եւ ցանկացած պահի պատրաստ կլինի դիմակայել թշնամուն:

Հունիսի 26-ին ադրբեջանական զինված ուժերի օրվա կապակցությամբ Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով՝ նշելով, ավարտվել է ոչ թե պատերազմը, այլ միայն դրա առաջին փուլը: Զորահանդեսում, որը տեւել է 50 րոպե, 19 րոպեանոց ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա ելույթը նախորդներից ոչնչով չի տարբերվել. միեւնույն ծեծված խոսքերը Ադրբեջանի «առավելությունների», ներկայիս Հայաստանի` «ադրբեջանական հողերի վրա ստեղծվելու», «ադրբեջանական դրոշի` շուտով Ղարաբաղի վրա ծածանվելու», «Ադրբեջանի նման զարգացող ոչ մի երկիր չլինելու» եւ այլ ցնդաբանությունների մասին: Ուշագրավ է, որ սեփական բարբաջանքից հոգնած Ալիեւը ելույթի 11-րդ րոպեին նայել է ժամացույցին, քանի որ նա ստիպված էր խոսել եւս 8 րոպե: Ալիեւի խոսքի գլխավոր իմաստն այն է եղել, որ նա հույս է հայտնել, թե «Ադրբեջանի ռազմական հզորության եւ տնտեսական ներուժի աճն ու Հայաստանի հետագա աղքատացումն ու տարածաշրջանային գործընթացներից մեկուսացումը թույլ կտան լուծել ղարաբաղյան խնդիրը եւ վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում