Փաստ մեկնաբանությամբ

Լարիսա Ալավերդյանը ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հայտարարության մեջ հռետորության փոփոխություն է նկատում

2 րոպեի ընթերցում

Լարիսա Ալավերդյանը ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հայտարարության մեջ հռետորության փոփոխություն է նկատում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ հռետորության փոփոխություն կա: Ինչպես հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, համատեղ հայտարարության մեջ Մադրիդյան սկզբունքներին անդրադարձ չի կատարվել: «Տեքստի մեջ կա հռետորության փոփոխություն: Ով միջազգային իրավական նորմերին ծանոթ է, կարող է նկատել մի կարեւոր հանգամանք՝ այն է, որ զուտ «մադրիդյան սկզբունքներ» բառակապակցությունը բացակայում է եւ հակառակ դրան, հստակ վերադարձնում են մեզ ակունքներին՝ այն է, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրվագներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ալավերդյանը` հավելելով, որ խոսվում է նաեւ ժողովուրդների հավասարության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների մասին:

Նրա դիտարկմամբ՝ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կոչը հակամարտության բոլոր կողմերին է ուղղած, իսկ նախկինում՝ միայն Հայաստանին ու Ադրբեջանին: Ալավերդյանը կարեւորեց ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Արցախի մասնակցության ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: «Երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր օրինական ընտրված ներկայացուցիչներով կմասնակցի այդ հանդիպումներին, դրանք կստանան բանակցային գործընթացի կարգավիճակ, եւ ԼՂ ժողովուրդը՝ հանձինս իր կողմից ընտրված իշխանությունների, կարող է իր խոսքն ասել»,- ասաց Ալավերդյանը: Նա շեշտեց, որ Արցախը չի կարող կրկին բռնակցվել Ադրբեջանին:

ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջնորդները հունիսի 18-ին ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն էին ընդունել՝ հակամարտության բոլոր կողմերին կոչ անելով խնդրի կարգավորման համար ջանքերն ակտիվացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում