Փաստ մեկնաբանությամբ

Սերգեյ Շաքարյանցը Թուրքիայում ծավալվող իրադարձությունների նոր զարգացումներ է կանխատեսում

3 րոպեի ընթերցում

Սերգեյ Շաքարյանցը Թուրքիայում ծավալվող իրադարձությունների նոր զարգացումներ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ծավալվող իրադարձությունները երկար կշարունակվեն եւ նոր զարգացումներ կարող են ստանալ: Հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Չնայած Էրդողանի վստահությանը եւ ինքնավստահ հայտարարություններին՝ Թուրքիայում իրավիճակը բավական սրվել է, եւ երկրում ծավալված հակակառավարական շարժումը նոր զարգացումներ կստանա, քանի որ շարժմանը մասնակցում են մարդիկ, որոնց նպատակն է ամեն գնով երկրում ապակայունացնել իրավիճակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: Թուրքիայի իշխանությունները բարդ իրավիճակում են հայտնվել, որից դուրս գալը նրանց համար դժվար կլինի:

Քաղաքագետը նշեց, որ Թուրքիայում ծավալված շարժումը հրահրում են ոչ միայն կառավարությունից դժգոհ ուժերը, այլ նրանք, ովքեր դեմ են այդ երկրի իշխանությունների վարած «նեոօսմանիզմի» քաղաքականությանը: «Ինչ վերաբերում է խոշոր տերություններին, նրանք առայժմ հետեւում են այս ամենին, ինչի մասին է վկայում Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որով նա կոչ արեց Թուրքիայում ծավալվող իրադարձություններն իրավական դաշտ տեղափոխել»,- ընդգծեց նա: Անհրաժեշտության դեպքում գերտերությունները նույնպես կներգրավվեն Թուրքիայում ծավալվող իրադարձություններում, եւ միգուցե անմիջական մասնակցություն ունենան երկրի մասնատման գործընթացին:

Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ արձագանք են գտել նաև օտարերկրյա մամուլում: Շատերը խոսում են այն մասին, որ Թուրքիայում ևս սկսվում է «արաբական գարնան» ալիքը: Ստամբուլի Թաքսիմի հրապարակում գտնվող զբոսայգին քանդելու և այնտեղ նոր շինարարություն սկսելու նպատակով իշխանությունների նախաձեռնությունը հանդիպել է թուրքերի քննադատությանը: Մի քանի հազարի հասնող մարդիկ նստացույց են անում զբոսայգում` կոչ անելով չվերացնել այգին: Կատարվածի առնչությամբ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել անգամ շատ թուրք և քուրդ պատգամավորներ, ինչպես նաև մշակութային գործիչներ: Զբոսայգում նստացույց իրականացնողներին հեռացնելու և շինարարությունը վերսկսելու նպատակով ոստիկանությունն արդեն մի քանի օր է, ինչ առավոտյան նրանց նկատմամբ կիրառում է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Այս ամենի արդյունքում արդեն մի քանի տասնյակի հասնող մարդ, այդ թվում և պատգամավորներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում