Փաստ մեկնաբանությամբ

Թուրքիայում ծավալվող իրադարձությունները մտահոգիչ են հայերի համար. թուրքագետ

3 րոպեի ընթերցում

Թուրքիայում ծավալվող իրադարձությունները մտահոգիչ են հայերի համար. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ծավալվող իրադարձություններն անհանգստացնող են եւ մտահոգիչ հայերի համար: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Այս պահին Թուրքիայի տարբեր քաղաքներում իշխանությունների դեմ ուղղված ցույցերին մասնակցողների մեջ մեծամասնություն են կազմում ազգայնականները, իսկ Էրդողանը կարող է օգտվել առիթից եւ իշխանությունների դեմ այդ բողոքը տեղափոխել նաեւ ազգամիջյան հարաբերությունների դաշտ՝ հատկապես հայերի եւ հույների դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ նշելով, որ այդպիսով հարցականի տակ է դրվում հատկապես Թուրքիայում բնակվող հայերի անվտանգության հարցը:

Նա նշեց, որ բողոքի ցույցերին մասնակցում են հատկապես Ստամբուլում ապրող հայերը, որոնք հիմնականում ձախերի կողմնակիցներն են: «Սակայն այս հարցում էլ հայերի մեջ երկատվածություն կա»,-ասաց Շաքարյանը՝ նշելով, որ նրանց մի մասը կողմնակից են Էրդողանի հեռանալուն, իսկ մի մասն էլ դեմ, քանի որ դժվար է ենթադրել, թե ինչ կլինի նրա հեռանալուց հետո: Ըստ թուրքագետի՝ Էրդողանի հեռանալու դեպքում իշխանության գալու հիմնական հավակնորդը կլինեն ազգայնականները, իսկ դա կարող է վտանգավոր լինել հայերի համար:

Նա բացառեց ձախերի իշխանության գալու տարբերակը, որոնք հայտնի են իրենց հայանպաստ գործունեությամբ: Ըստ նրա՝ ձախերը չունեն հասարակության լայն աջակցությունը եւ սխալ կլինի նրանց իշխանության գալու վրա խաղադրույք կատարել:

Նա անդրադարձավ նաեւ հայերի համար այդ շարժման լավ կողմերին՝ նշելով, որ որքան երկար Թուրքիայում շարունակվի այդ իրավիճակը, այնքան Թուրքիան քիչ ժամանակ կունենա զբաղվելու ԼՂ հարցով եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հակածրագրերով:

Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ արձագանք են գտել նաև օտարերկրյա մամուլում: Շատերը խոսում են այն մասին, որ Թուրքիայում ևս սկսվում է «արաբական գարնան» ալիքը: Ստամբուլի Թաքսիմի հրապարակում գտնվող զբոսայգին քանդելու և այնտեղ նոր շինարարություն սկսելու նպատակով իշխանությունների նախաձեռնությունը հանդիպել է թուրքերի քննադատությանը: Մի քանի հազարի հասնող մարդիկ նստացույց են արել զբոսայգում` կոչ անելով չվերացնել այգին. նրանց նկատմամբ իշխանությունները բռնություն են կիրառել: Կատարվածի առնչությամբ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել անգամ շատ թուրք և քուրդ պատգամավորներ, ինչպես նաև մշակութային գործիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում