Փաստ մեկնաբանությամբ

Թուրքագետը չի բացառում Թուրքիայում բնապահպանական շարժման վերածումը «թուրքական գարնան»

3 րոպեի ընթերցում

Թուրքագետը չի բացառում Թուրքիայում բնապահպանական շարժման վերածումը «թուրքական գարնան»

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում բնապահպանների շարժումը կարող է հանգեցնել «թուրքական գարնան»: Հունիսի 4-ին լրագրողների հետ հանիդպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Թունիսում ամեն ինչ սկսվեց կանաչի վաճառողի սպանությունից: Թուրքիայում չի կարել բացառել, որ բնապահպանների բողոքը, ցույցի ճնշումը եւ մահվան դեպքերը կարող են առաջացնել տարատեսակ զարգացումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մելքոնյանը: Ըստ նրա` եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից՝ զինվորականությունը կմիջամտի:

Թուրքագետը նկատում է, որ վերջին շրջանում Թուրքիայի պահվածքն ավելի անկաշկանդ է դարձել: Սակայն, բնապահպանների շարժմանն աջակցելով` Արեւմուտքն ու ԱՄՆ-ը կողմնորոշիչ եւ զգաստացնող հարված են հասցնում թուրքական իշխանություններին` սեփական պահանջների մեջ սահմանափակվելու «մեսիջով»: Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայում բնապահպանական շարժումը նաեւ ներքին աջակցություն է ստանում զինվորականների կողմից: «Այս իրադարձություններում անտեսել բանակի դերը, կարծում եմ` ճիշտ չի լինի: Բոլոր համանման իրադարձությունների ժամանակ բանակը ոչ բացահայտ, սակայն ուղղակի ազդեցություն ունեցել է այս գործողությունների վրա»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ ընթացիկ իրադարձությունների համար թուրքական զինվորականությունը, առնվազն, ուրախ է: Նրա խոսքով` շարժումը բազմագույն եւ խայտաբղետ է, եւ յուրաքանչյուր ուժ փորձում է իր շահերն առաջ տանել:

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող «Գեզի» զբոսայգում ծառահատումները կանխելու նպատակով հավաքված թուրքերի նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունները լուրջ արձագանք են գտել ողջ երկրով մեկ: Թուրքիայի տարբեր քաղաքներում բնակչությունը ոտքի է ելել` ի նշան Թաքսիմում կատարվող իրադարձությունների դեմ բողոքի: Երկրով մեկ կոչ է արվում վերջ տալ իշխանությունների կամայականություններին: Այս ամենի արդյունքում արդեն մի քանի տասնյակի հասնող մարդիկ, այդ թվում և պատգամավորներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ապա նաև նախագահ Աբդուլլահ Գյուլը կոչ են արել ցուցարարներին դադարեցնել անկարգությունները, սակայն ցուցարարները չեն հանձնվում։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են զոհերի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում