Փաստ մեկնաբանությամբ

Քաղաքագետն ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ռիթմը վերականգնելու միտում է նկատում

3 րոպեի ընթերցում

Քաղաքագետն ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ռիթմը վերականգնելու միտում է նկատում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցությունների տեմպը վերականգնելու միտում կա: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: «Բովանդակային տեսանկյունից կարծես թե փոփոխություն չկա, այսինքն նոր առաջարկություններ ու գաղափարներ առաջ չեն քաշվել: Բայց կա միտումբանակցային ռիթմըվերականգնելու»,- «Արմենպրես»-ի փոխանցամբ՝ ասաց Գալստյանը` հավելելով, որ ավելի հաճախ են սկսել քննարկվել դիպուկահարների եւ սահմանային միջադեպերի հետ կապված հարցերը:

Քաղաքագետի համոզմամբ՝ հայկական կողմը պետք է շարունակի պնդել բանակցային գործընթացում պաշտոնական լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության հարցը: Գալստյանը նշեց, որ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր խթան է անհրաժեշտ: «Իմ համոզմամբ` պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունն ու վճռական խոսքն էլ ավելի կմոտեցնի վերջնակետին»,- ասաց Գալստյանը: Քաղաքագետը հիշեցրեց, որ Մադրիդյան սկզբունքները վերջնական չեն, եւ հաշտության պայմանագրի հիմքը պարտադիր չէ, որ բոլոր կետերը հանդիսանան:

Անդրադառնալով արցախյան հակամարտության մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ քաղաքագետը նշեց, որ ոչ մի արտառոց բան դրանցում չկա, սակայն ցանկալի կլիներ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ավելի նուրբ ձեւակերպումներ տար: «Ռուսաստանը խոշոր գերտերություն է, որն իր շահերից բխող քաղաքականություն է վարում»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը փորձում է վերականգնել իր միջնորդային ակտիվությունը բանակցային գործընթացում: Քաղաքագետը չի կարծում, որ եվրատեսիլյան խնդիրները լուրջ ազդեցություն են ունենալու ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է,քանի որ Ռուսաստանի հարևանների, բարեկամների միջև առկա է երկարատև և դժվար հակամարտություն, իսկ Կովկասում կայունությունը և հանգստությունը հանդիսանում է մեր արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկը:

Արցախի դեմ պատերազմ սանձազերծած եւ պարտություն կրած Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քայլերը հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանն իր համաձայնությունը չի տալիս անգամ շփման գծից դիպուկահարների հետքաշման եւ սահմանային միջադեպերի քննության մեխանիզմներ ստեղծելու համեմատաբար ոչ բարդ հարցերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում