Տնտեսություն

ՀՀ կառավարության և IBM-ի միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր

2 րոպեի ընթերցում

 ՀՀ կառավարության և IBM-ի միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության և աշխարհահռչակ տեխնոլոգիականIBM ընկերության միջև ստորագրվեց Փոխըմբռման հուշագիր, որով կուսումնասիրվեն երկարաժամկետ համագործակցութան հնարավորություններն ու տարբերակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` փաստաթղթի ստորագրումից հետո IBM ընկերության փոխնախագահ Կիրիլ Կորնիլևը նշեց, որ հեռանկարային համագործակցությունը ենթադրում է կրթական հաստատությունների, ՏՏ կազմակերպությունների, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների նորարարական ներուժի բացահայտում:

«Մենք մտադիր ենք մշակել համաձայնագիր ՀՀ-ում IBM-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ուղղությամբ»,- ասաց Կորնիլևը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի խոսքով՝ IBM-ի մուտքը հայկական շուկա նոր խթան կհանդիսանա տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման գործում: «Համաշխարհային մեծ ճանաչում ունեցող այս ընկերությունը մեծապես կնպաստի մեր երկրում ՏՏ ոլորտում նոր զարգացումներին»,- վստահություն հայտնեց Ավանեսյանը:

Հուշագրի շնորհիվ կողմերը կուսումնասիրեն IBM-ի կրթական ծրագրերին ՀՀ-ի կրթական հիմնարկների մասնակցության շրջանակը` տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, կիբեռանվտանգության և էլեկտրոնային առևտրի ոլորտներում գիտելիքներն ընդլայնելու նպատակով:

Ուսումնական և մասնագիտական կարողությունների զարգացումը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանում հետազոտությունների և մշակման ուղղությամբ աշխատանքների, ինչպես նաև այլ համատեղ միջոցառումների կազմակերպման միջոցով:

Երկկողմ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Տիգրան Սարգսյանի՝ նախորդ տարեվերջին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում