Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանում ընդդիմությունը չի կարողանում լուրջ հակակշիռ լինել իշխանության համար. Արտակ Զաքարյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանում ընդդիմությունը չի կարողանում լուրջ հակակշիռ լինել իշխանության համար. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընդդիմությունը չի կարողանում լուրջ հակակշիռ լինել իշխանություններինն: Մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Մեր երկրում կա կայուն էլեկտորատ, որը իր ձայնը տալիս է կամ իշխանությանը կամ ընդդիմությանը, եւ կա մի զանգված, որը կողմորոշվում է վերջին պահին՝ ծանրութեթեւ անելով առաջադրված ուժերի ծրագրերը եւ քաղաքական մարտահրավերները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ հավելելով, որ նման դեպքերում մարդիկ սովորաբար իրենց ձայնը տալիս են իշխանությանը, քանի որ մեր երկրում ընդդիմությունը ճիշտ չի աշխատում եւ չի կարողանում իշխանության համար հակակշիռ դառնալ:

Նա նշեց, որ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրություններն էլ ցույց տվեցին, որ գործող իշխանությունները վայելում են հանրության մեծ մասի վստահությունը, ինչը իշխանություններին ավելի ինտենսիվ աշխատելու լայն հնարավորություններ է ընձեռում: «Հայաստանի առջեւ ծառացած թե ներքին, թե արտաքին խնդիրները շարունակում են ուժի մեջ մնալ, եւ վայելելով հանրության վստահությունը, մենք ամեն ինչ կանենք դրանց լուծում տալու համար»,- ասաց Զաքարյանը:

Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին եւ ընդդիմության ներկայացուցիչների դժգոհություններին՝ նա նշեց, որ մեր ընտրական համակարգում ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները մշտապես առաջնորդվում են միակողմանի մեղադրանքներով: «Ընդդիմությունն անընդհատ մեղադրում է իշխանություններին կեղծիքներ իրականացնելու մեջ, սակայն նրանց հնարավորությունն է իրավական ճանապարհով ապացուցել այդ մեղադրանքները, ինչը նրանց մոտ չի ստացվում»,- ասաց Զաքարյանը՝ ընդգծելով, որ Երեւանի ավագանու ընտրությունների ձայների վերահաշվարկից հետո Հանրապետական կուսակցության ձայներն ավելացել են:

ՀՀկենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները, կազմել ու ստորագրել է արձանագրություն: Մայիսի 5-ին կայացածԵրևանի ավագանու ընտրության վերջնական արդյունքների համաձայն՝ հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,86 տոկոսը, հետեւաբար, համամասնական ցուցակը գլխավորողՏարոն Մարգարյանը վերընտրվել է Երեւանի քաղաքապետ: Կատարված վերահաշվարկի արդյունքներով՝ 464 տեղամասերի տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջատար է 235 հազար 515 ձայնով, նախնական արդյուքների համեմատ քվեների թիվն ավելացել է երեքով: ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 97 հազար 166 ձայնով` 23,05 տոկոս, իսկ նախնական արդյուքների համեմատ քվեների թիվը վերահաշվարկի արդյունքում պակասել է 23-ով: Ձայների քանակով երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը` 35 հազար 721 քվեով` 8,47 տոկոս, քվեների թիվը պակասել է 11-ով:«Հայ ազգային կոնգրես»-ը հավաքել է 18 հազար 493 ձայն` 4,39 տոկոս, քվեների թիվը պակասել է 6-ով: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` 15 հազար 997 ձայն` 3,79 տոկոս, քվեների թիվը պակասել է երկուսով: «Օրինաց երկիր»-ը` 15 հազար 732 ձայն` 3,73 տոկոս, քվեների թիվը նվազել է մեկով, «Առաքելություն»-ը` 2690 ձայն` 0, 64 տոկոս, քվեների թիվը վերահաշվարկի արդյունքում նվազել է երեքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում