Փաստ մեկնաբանությամբ

Րաֆֆի Հովհաննիսյանը կորցնում է իրեն սատարողների վստահությունը. Արամ Սարգսյան

4 րոպեի ընթերցում

Րաֆֆի Հովհաննիսյանը կորցնում է իրեն սատարողների վստահությունը. Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններում հստակություն չկա, ինչի հետեւանքով նա կարող է կորցնել իրեն սատարող հասարակության վստահությունը: Ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Դեռ նախագահական ընտրությունների ավարտից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց իր շարժումը, նկատելի էր, որ նա հստակ որեւէ ծրագիր չունի: Շարժման սկզբից մինչեւ այս պահը Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ հստակ գործողության չի դիմել, ինչից կարելի է եզրակացնել, որ նա այն առաջնորդը չէ, որ կարող է հեղափոխություն իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ հատկապես ապրիլի 9-ին տեղի ունեցած դեպքերից հետո «Ժառանգության» ղեկավարի ձեռնարկած շարժումը կամաց-կամաց կսկսի մարել: Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանը սխալ մարտավարությամբ է գործել, եւ իր խոստացած ժամկետներում նրան հավատացող հասարակությունը չի ստացել այն, ինչ ցանկանում էր: Եվ դա էլ կհանգեցնի նրան, որ աստիճանաբար կդատարկվի նաեւ Ազատության հրապարակը:

Արամ Սարգսյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքը, ով ապրիլի 9-ին կարողացավ հանդարտեցնել Բաղրամյան պողոտայում ստեղծված լարված իրավիճակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին անձամբ Ծիծեռնակաբերդ ուղեկցելով: «Դա իսկապես դրական քայլ էր ոստիկանապետի կողմից, քանի որ այդ քայլով նա կարողացավ հարթել անկառավարելի թվացող իրավիճակը եւ բացի դրանից, նա իսկապես քաղաքակիրթ վարք դրսեւորեց»,- ասաց նա:

Ըստ ՀԴԿ նախագահի՝ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները ցույց տվեցին, որ այն կես միլիոն մարդիկ, ովքեր իրենց ձայնը տվել էին Րաֆֆի Հովհաննիսյանին, ընտրել էին ոչ թե նրան, այլ այդպիսով իրենց բողոքն էին արտահայտել իշխանությունից: «Եթե այդ կես միլիոն մարդիկ նրան իսկապես հավատալով ձայն տված լինեին, Ազատության հրապարակում նա կհավաքեր ոչ թե 6-7 հազար, այլ ամենաքիչը 50 հազար մարդ»,- ասաց նա:

Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հավաքվածների ճնշման տակ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում է կայացրել ցուցարարների հետ շարժվել դեպի նախագահական նստավայր, սակայն Բաղրամյան պողոտայի սկզբնամասում նրանց ճանապարհը փակել են ոստիկանները՝ նշելով, որ երթն անօրինական է եւ իրենք չեն կարող հակասահմանադրական գործողություններ թույլ տալ: Ցուցարարները փորձել են ուժ կիրառելու եղանակավով ճեղքել ոստիկանների կազմած պատնեշը, սակայն դա նրանց չի հաջողվել: Ստեղծված իրավիճակը շտկելու համար դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում հետ բանակցություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն իր համախոհների եւ ոստիկանության ուղեկցությամբ Սարյան փողոցով բարձրացել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղիիկներ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդից նա վերադարձել է Ազատության հրապարակ եւ հավաքվածներին ցրվելու կոչ է արել՝ նշելով, որ Ազատության հրապարակում իրենց պայքարը կշարունակեն ապրիլի 12-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում