ՀՀ կառավարությունը ուսանողներին կտրամադրի մատչելի տոկոսադրույքով ուսման վարկեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության բուհերի ուսանողներին կտրամադրվեն ուսումնական մատչելի տոկոսադրույքներով վարկեր: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը մարտի 14-ի նիստում որոշում ընդունեց այդ նպատակով պահուստային ֆոնդից հատկացնել 21 մլն դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործադիրի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ուսումնական չորս տարիների ընթացքում յուրաքանչյուր ուսանողի նախատեսված է տրամադրել մինչև 1 միլիոն 800 հազար դրամ վարկ` տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, որից 2-3 տոկոսը սուբսիդավորելու է կառավարությունը:
«Վարկային ծրագիրն իրականացնելու է «Բնակարան երիտասարդներին» դրամավարկային ունիվերսալ կազմակերպության միջոցով: Վարկը տրամադրվելու է մինչև 10 տարի մարման ժամկետով, առաջին չորս տարվա ընթացքում մարվելու են միայն տոկոսադրույքները»,- ասաց Գաբրիելյանը:
Ուսումնական վարկերի մատչելիության ծրագիրը բխում է ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից: