Փաստ մեկնաբանությամբ

Արտակ Դավթյանը ցանկանում է, որ հետընտրական շրջանը նախընտրականի նման անցնի բարի մթնոլորտում

3 րոպեի ընթերցում

Արտակ Դավթյանը ցանկանում է, որ հետընտրական շրջանը նախընտրականի նման անցնի բարի մթնոլորտում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի ընտրություններն իրենց դրական մթնոլորտով տարբերվում էին նախորդ ընտրություններից: Ինչպես փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանը, դրանում մեծ դերակատարություն ուներ ընդդիմության առաջնորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այն, ինչին հասավ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ էր: Այն բարությունը, որը նա առատորեն ցանել էր այդ տարիների ընթացքում, ծիլ տվեց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավթյանը: Պատգամավորը պատկերավոր ձեւով նշում է, որ «մեղրը կամ բարությունը շատ ավելի հզոր ուժ են, քան բաժանարար գծերի հանգեցնող ատելությունը»:

Նախընտրական գործընթացները հանդարտ եւ խաղաղ պայմաններում անցկացնելը հանրապետական պատգամավորը մեծ ձեռքբերում է համարում: Դավթյանը հիշեցրեց միջազգային դիտորդների գնահատականները՝ կազմակերպված եւ լավ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: «Շատ կցանկանայի, որ հետընտրական զարգացումները եւս լինեին դեպի բարին եւ լույսն ուղղված»,- ասաց Դավթյանը:

Նա անհասկանալի է համարում ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի մասին խոսակցությունները: «Եթե 1988 ընտրական տեղամասերում հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրում են արձանագրությունները, որեւե հատուկ կարծիք չի լինում եւ հետո հայտարարում ես քո հաղթանակի մասին, անհասկանալի է, թե ինչպիսի հաշվարկի արդյունք է այդպիսի հայտարարությունը»,- տարակուսանք հայտնեց պատգամավորը:

Նախագահական ընտրությունների քվեարկությունը Հայաստանում անցկացվել են փետրվարի 18-ին: Հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները, վերջնական արդյունքները կամփոփվեն փետրվարի 25-ին: Նախնական արդյունքների համաձայն` երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը: Նա ստացել է 861 հազար 160 քվե՝ վավեր ձայների 58,64 տոկոսը:

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, իրեն է ընտրված համարում: Հովհաննիսյանը Հայաստանի տարբեր մարզերում իր կողմնակիցների հավաքներ է անցկացնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում