Մշակույթ

Հոլիվուդյան գերաստղերի մասնակցությամբ The GENEX ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն տարեվերջին

8 րոպեի ընթերցում

Հոլիվուդյան գերաստղերի մասնակցությամբ The GENEX ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն տարեվերջին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությանը նվիրված The Genex ֆիլմի նկատմամբ աննախադեպ հետաքրքրությունը պայմանվորված էր երկու կարևոր հանգամանքով: Առաջին` ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրը` 2015 թվականի ապրիլի 24-ին, և երկրորդ` ֆիլմում խաղալու են այնպիսի հոլիվուդյան գերաստղեր, ինչպիսիք են Նաթալի Փորթմանը և Արմանդ Ասաանտին: Որպես ֆիլմի անվանում ընտրվել է Ռաֆայել Լեմկինի հեղինակած «genex» տերմինը, որը ստուգաբանորեն կազմված է`Gene (գեն) և Ex (ավերում, շորթում, բնաջնջում) արմատներից: Հանրության հետաքրքրությունն առաջացրած ֆիլմի, բազում հարցերի և ֆիլմի հետ կապված բոլոր մանրամասների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ֆիլմի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարի համահեղինակ Արտակ Սևադայի հետ:

-The Genex-ն էականորեն տարբերվում է մինչ օրս նկարահանված Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերից: Ինչպե՞ս առաջացավ մտահաղացումը ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու:

-Անկեղծ ասած, ես առաջինն էի, ով ապստամբեց «Արարատ» ֆիմի դեմ: Սակայն դա ինձ կանգնեցրեց լուրջ հարցի առաջ. «Իսկ ես ի՞նչ կնկարեի»: Որովհետև անուն դնելով չէ միայն, որ պետք էր հասկանալ, գտնել շատ հարցերի պատասխաններ: Սալլիի հետ ծանոթությունը ստեղծեց նյութը, իսկ մնացածը երևակայության հարց էր: Ուսումնասիրություններս սկսեցի միայնակ, հետո ներգրավեցի Ալան Քաթցին, ով անմիջապես խորացավ աշխատանքի մեջ` ամբողջովին գիտակցելով թե ինչ էր արվում և ինչու: Հոլիվուդյան կինոյի վետերան լինելով` նա միակ և ամենանվիրված մարդկանցից էր, ով մինչ օրս մնաց իմ կողքին: Միասին անցանք կրակով ու ջրով, որպեսզի իրականացնենք The Genex ֆիլմը: Անպայման պետք է նշեմ Ռաֆայել Լեմկինի անունը, ով Genocide տերմինի հեղինակն է: Նա հայ ազգի ամենամեծ բարերարն է, ում մասին շատ քիչ բան գիտնք մենք` հայերս: Մինչ օրս չունենք նրա արձանը Հայաստանում: Ցանկանում եմ ֆիլմն անպայման նվիրել նրա հիշատակին` իմ հեռավոր, բայց իսկական եղբորը:

- Գլխավոր հերոսուհին` Սալլին, ունի՞ իրական նախատիպ, թե՞հավաքական կերպար է:

-Իրական կեպար է… Պատահականորեն ձեռքս ընկավ Սթիվ Սոլոմոն անունով հայ դեղագործի մասին նյութը, ում "New York Life" ընկերությունը 20 միլիոն դոլարի փոխհատուցում էր հատկացրել իր հորեղբոր կյանքի ապահովագրության համար, ով ցեղասպանության ժառանգներից էր: Նրա դուրստրը` Սալլին, ով իր ապրելաոճով և աշխարհայացքով կարելի է ասել հայկական ոչինչ չուներ, նեղացել էր բիձուկից. մեղադրում էր գումարը վերցնելու, իր ազգը դավաճանալու մեջ, բողոքում, որ նրա պատմած ցեղասպանության մասին պատմությունները ոչինիչ չարժեն, եթե նա վերցրել է գումարը: Սթիվը փորձում է բացատրել աղջկան, որ միայն այդ կերպ հնարավոր կլիներ վճարել Մանհեթանի լավագույն իրավական ֆիրմային և դարի ամենամեծ դատական գործը հարուցել թուրքակական կառավարության, եվրոպական բանկերի և ապահովագրական ընկերությունների դեմ: Ես անձամբ ներկա էի Սթիվ Սողոմոնյանի թաղմանը: Ծանոթացա Սալլի հետ,ով այդպես էլ չէր հաշտվել հոր հետ, շփվեցինք և այս ամենն ինձ պատմեց անձամբ Սալլին: Այս պատմությունն էլ դարձավ այն կարևոր հենակետը, որի հիման վրա Ալան Քաթցի հետ միասին կառուցեցինք ֆիլմի ողջ սյուժեն: Քանի որ Սալլին չգիտեր հոր` Ցեղասպանությունը վերապրած հորեղբոր պատմությունը, ինձ մնում էր ուղղակի գործի դնել իմ երևակայությունը: Ֆիլմում արդեն` Սալլին, լինելով երաժշտագետ, ոչ միայն կբացահայտի խազերի գաղտնիքը, այլև կսկսի դարի ամենամեծ դատը` Ցեղասպանության ճանաչման համար: Ֆիլմի «Davinci Code»-ը պետք է, որ ակնհայտ լինի արդեն:

-Կարծես նաև հայ հանդիստեսին հասցեագրված հաղորդագորություն ունեք:

-Բոլոր նրանց, ովքեր հակաթուրքական ֆիլմ էին սպասում, ասեմ, որ ավելի ուժեղ և ավելի հակաթուրքական ֆիլմ հնարավոր չէ պատկերացնել: Անհրաժեշտ էր պարզապես դիվանագիտորեն մոտենալ խնդրին` հանդիսատեսի լայն շրջանակ ապահովելու համար: Մեղվի բույնը միայն մտնելով կքանդես: Մեր ֆիլմը գնում է հենց այդ ուղղությամբ: Պատմությունը շատ է խեղաթյուրված` նաև մեզ համար: Մեծ փոփոխություններ են սպասում մեզ և ընդհանրապես տարածաշրջանում:

-Իսկ ինչո՞ւ են հետաձգվելThe GENEX-ի նակարահանումները:

-Ֆիլմի նկարահանումները հետաձգվել են, քանի որ մայիսին նկարահանելու եմ Հայաստանի մասին պատմող Playing God թրիլլերը: Սրանից անմիջապես հետո կսկսվեն The GENEX-ի նկարահանումները` 2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի փետրվարը:

-Շատ է քննարկվել ֆիլմի դերասանական կազմը: Երկու անուն` Նաթալի Փորթման և Արմանդ Ասսանտի, արդեն տվել եք, կարո՞ղ եք փակագծերը բացել նշելով` հայ և ամերիկյան դերասաններիցէլ ովքե՞ր են խաղալու ֆիլմում:

-Ամերիկյան դերասանների հետ դեռևս շարունակվում են ֆինանսական բանակցությունները: Այս պահին կարող եմ նշել ևս մեկ ամերիկյան թատերական դերասանի` Ժան Մանոյին (Jean Mano), նա խաղալու է Կոմիտասի դերը, ում, ի դեպ, իրական Սալլին աստվածացնում է: Իսկ Նաթալի Փորթմանն ուղղակի պաշտում է իր մարմնավորած` Սալլի Սողոմոնյանի կերպարը: Լուրջ հետազոտություններ է սկսել հասկանալու համար ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս և դեպի ուր ենք գնում: Հայ դերասաններից միանշանակ նկարահանվելու են Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Սամվել Սարգսյանը և այլք: Մեծագույն պատիվ կլինի ինձ համար մեր հայ դերասաններին տեսնել ամերիկյան գերսատղերի հետ նույն ֆիլմում:

-Բոլոր հնարավոր միջոցառումները նախաձեռնել եք միջազգային սկանդալից և քաղաքական շահարկումներից խուսափելու համար, քանի որ դա առաջին հերթին վնասելու է հենց ֆիլմին: Այնուամենայնիվ ի՞նչ արաձագանքներ եք ստացել թուրքական կողմից:

-Թուրքական կողմը պարզապես լուսաբանում է նկարահանվող ֆիլմը: Շատ նամակներ եմ ստանում թուրք անհատներից (ծածկանունների տակ, իհարկե), ովքեր դրական են տրամադրված և անգամ շնորհակալություն են հայտնում ինձ: Ֆիլմը նաև շատ այլ կարևոր շերտեր է շոշափում, որոնց մասին այժմ վաղ է խոսելը: Միայն ԱՄՆ-ում ֆիլմը ցուցադրվելու է ավելի քան 6000 կինոթատրոններում, որը հասարակական կարծիքի մեծ աղբյուր կարող է հանդիսանալ:

-Ո՞ւմ հետ եք համագործակցում և ովքե՞ր են կանգած այսօր Ձեր ևThe GENEX-ի կողքին:

Ֆիմը ստեղծում են "EdgeArt Entertainment Inc." և "The Genre" ընկերությունները: Ֆիլմի սցենարի համահեղինակններն ենք ես, Ալան Քաթցը և Թիրո Ջաֆեթը, գործադիր պրոդյուսերներն են Ռիչարդ Սափերսթեյնը և Գարի Թիթիզյանը: Դիստրիբուցիայի համար համագործակցում ենք "MIRAMAX"-ի նախկին տնօրեն Հարվի Վեյնշտեյնի (Harvey Weinstein) հետ, ով շատ պոզիտիվ է տրամադրված:

Կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը, պետական շահերից ելնելով, սատար կանգնել մեր ֆիլմին` թե ֆինանսապես, թե բարոյապես: Հրավիրում եմ ինձ հետ միասին պայքարելու բոլոր այն ուժերի դեմ, ովքեր գուցե փորձեն, բայց, հավատացնում եմ, չեն կարողանա կանխել ֆիլմի իրականացումը:

Ֆիլմը ներկայացնող պաշտոնական կայքէջերն են` http://www.edgeartinc.com, http://www.sevada.com և http://www.thegenex.com:

Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում