Երկաթուղու Թումանյան կայարանը շահագործման հանձնվեց
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը փետրվարի 15-ին շահագործման հանձնեց Լոռու մարզի Թումանյան կայարանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը կայարանում կատարված վերանորոգման աշխատանքները դիտելու նպատակով Վանաձորից երկաթուղով ժամանեց Թումանյան կայարան` միաժամանակ ծանոթանալով նաեւ երկաթուղային ենթակառուցվածքների պայմաններին:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով` Թումանյան կայարանը վերանորոգվել է Լոռու մարզպետարանի եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում: Կայարանի շահագործումը կնպաստի մարզի երկաթուղային հաղորդակցության զարգացմանը:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ Թումանյան կապիտալ վերանորոգվածկայարանում ամբողջովին նորոգվել կամ վերազինվել են անհրաժեշտ ենթակառուցվածքները: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի երկաթուղին շարունակի հետագա զարգացումը` ընդլայնելով նաեւ իր գործունեության ուղղությունները: Ամեն ինչ անելու ենք մեր աշխատակիցների համար աշխատանքի լավ պայմաններ ստեղծելու համար»,- խոստացավ Ռեբեցը:
Փետրվարի 16-ից կայարանից կսկսի գործել Վանաձոր-Գյումրի ուղղությունը, որի տոմսի արժեքը 600 դրամ կկազմի: Իսկ նույն ուղղության ավտոմոբիլային երթուղու տոմսի արժեքը 700-800 դրամ է:
Թումանյան կայարանում բացվեց նաեւ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կիսանդրին: