Փաստ մեկնաբանությամբ

Կիրո Մանոյանը Ստամբուլում հայ կանանց նկատմամբ բռնությունները համարում է երիթուրքական գաղափարախոսության շարունակություն

2 րոպեի ընթերցում

Կիրո Մանոյանը Ստամբուլում հայ կանանց նկատմամբ բռնությունները համարում է երիթուրքական գաղափարախոսության շարունակություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հայ կանանց նկատմամբ բռնությունները և հայատյացության դրսևորումները երիտթուրքական քաղաքականության շարունակությունն են: Այդ մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Սա նույն գաղափարախոսությունն է, որը փաստորեն շարունակվում է երիտթուրքերի օրերից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մանոյանը: Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայում հայատյացության մթնոլորտի տեսանկյունից պետական քաղաքականությունը շարունակվում է, որի փաստն այն է, որ իշխող կուսակցությունից ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա հակահայ արարքներին հրապարակավ չի անդրադարձել: «Անդրադարձել են ընդամենը ոստիկանությունը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ովքեր փորձել են հարձակումները ցույց տալ որպես գողության փորձ»,- ասաց Մանոյանը:

Նա նշեց, որ Թուրքիայում կան նաև կատարվածը դատապարտող և խնդիրը որպես հայատյացություն ներկայացնող ուժեր՝ հաձին Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի: Մանոյանը նշեց, որ Սամաթիայում մթնոլորտը մտահոգիչ է: «Կիրակնօրյա եկեղեցական պատարագից հետո պատարագիչը հորդորում է երիտասարդներին ընկերակցել տարիքովներին դեպի տուն, որպեսզի ավելի հանգիստ լինեն»,- ընդգծեց Մանոյանը՝ հավելելով, որ պետք է բարձրաձայնել կատարվածի մասին:

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սամաթիա թաղամասում հաճախակի են դարձել տարեց հայ կանանց նկատմամբ իրականացվող բռնությունները, որոնցից տուժել է հինգ կին:Դեպքերից մեկը աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ:Հայ համայնքի տարեց ներկայացուցիչներից մեկին` 85-ամյա Մարիցա Քյուչուքին դեկտեմբերի 28-ին սպանելուց առաջ ծեծել էին, դանակահարել, ապա գլխատել: Հանցագործը նաև դիակի կրծքի վրա խաչաձև նշան էր արել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում