Փաստ մեկնաբանությամբ

Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները շարունակում են վայելել իրենց պաշտոնները. թուրքագետ

2 րոպեի ընթերցում

Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները շարունակում են վայելել իրենց պաշտոնները. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության իրական կազմակերպիչները շարունակում են վայելել իրենց պաշտոնները: Այդ մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց թուրգագետ Ռուբեն Մելքոնյանը: «Այդ պաշտոնյաները ոչ միայն չազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից այլև քաջալերվեցին պետության կողմից: Այսօր նրանք բոլորը զբաղեցնում են ավելի բարձր պաշտոններ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մելքոնյանը: Թուրքագետը նշեց, որ Դինքի սպանության դատավարությունը վերածվեց իրական ֆարսի: «Ոտնահարվեցին ամենատարրական իրավական նորմերը»,- ասաց թուրքագետը: Մելքոնյանի բնորոշմամբ՝ թուրքական պետությունը կազմակերպեց, իրականացրեց և հետագայում քողարկեց Դինքի սպանությունը: Թուրքագետը նշեց, որ Հրանտ Դինքը հալածվում էր կրկնակի` և որպես այլախոհ, և որպես հայ:

Մելքոնյանի դիտարկմամբ՝ Դինքը կատարեց շատ կարևոր քայլ Թուրքիայում հայկական հարցի քննարկման կոնտեքստում: Դինքի դատավարության ընթացքում նոր սկանդալային բացահայտումներ են արվում թուրքական բռնապետության վերաբերյալ: «Այսօր տպագրվող բազմաթիվ գրքերը և հոդվածները, որոնք մերկացնում են թուրքական բռնապետական իշխանությունը՝ Դինքի սպանությունից հետո սկսված գործընթացի արդյունք է»,- նշեց Մելքոնյանը: Թուրքագետի բնորոշմամբ՝ Դինքը գիտակցված մահապարտ էր: Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի հայատյացությունը ցուցադրվեց Դինքի սպանության գործի ընթացքում:

Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին` «Ակոս» թերթի խմբագրատան առաջ։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել էր 17-ամյա Օգյուն Սալմաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել էր իր մեղքը։ Հանցագործը դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում