Տնտեսություն

Հայկական դրամը պաշտպանվածության մակարդակով չի զիջում եվրոյին

3 րոպեի ընթերցում

Հայկական դրամը պաշտպանվածության մակարդակով չի զիջում եվրոյին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած պետության անվտանգության կարևորագույն բաղկացուցիչներից է կեղծումներից հուսալի պաշտպանված արժույթի առկայությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հայկական դրամն ու եվրոն հնարավոր կեղծումների դեմ ունեն գրեթե նույն կարգի պաշտպանվածության մակարդակը:Դրամի համար կիրառվում են առաջատար պաշտպանական հատկանիշներ և դրանք ունեն պաշտպանվածության բարձր մակարդակ։ «Մինչ օրս հայտնաբերված կեղծ դրամներն ունեցել են այնքան ցածր որակ, որ դրանք հեշտությամբ ճանաչվում են անզեն աչքով»,- տեղեկացրին Կենտրոնական բանկից:

ՀՀ գլխավոր դրամատնից հուշեցին անզեն աչքով ազգային արժույթի իսկությունը պարզելու մի քանի հատկանիշներ:

Խորտպագրություն.

Թղթադրամի դիմերեսի որոշ մասեր տպագրված են բարձրադիր, շոշափելի շերտ ունեցող ներկով, մասնավորապես՝ անվանական արժեքն արտահայտող թվանշանները, բառերն ու դիմանկարը։ Տպագրության ռելիեֆը զգացվում է շոշափելիս։

Թափանցիկ պատկեր.

Թղթադրամը լուսընդդեմ դիտելիս դրա դիմերեսին և դարձերեսին տպագրված մասնիկները մեծ ճշտությամբ լրացնում են մեկը մյուսին և երևում է ամբողջական պատկեր։ Սովորական դիրքում պատկերն անավարտ է։

Թաքնված պատկեր.

Թղթադրամն աչքի բարձրությամբ լուսընդդեմ դիտելիս, դիտման անկյան չնչին փոփոխության դեպքում դիմերեսի վրա տեղակայված զարդանախշի մեջ հայտնվում է անվանական արժեքն արտահայտող թիվը։

Կինեգրամմա.

Ժապավենաձև փայլաթիթեղի երկայնքով պարբերաբար կրկնվելով երևում է դիմանկար ու դրամի խորհրդանշանը: Երևում է նաև մի զարդանախշ ու թղթադրամի անվանական արժեքը, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց։ Այս պատկերների միջև երևում է անվանական արժեքը, որը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում մեծանում և փոքրանում է (ZOOM էֆեկտ)։

ՀՀ կենտրոնական բանկից նաև տեղեկացանք, որ յուրաքանչյուր նոր թողարկման ժամանակ հայկական դրամի մոտ փոխվում կամ ավելացվում է որևէ հատկանիշ՝ դրա պաշտպանվածությունն ավելի բարձրացնելու նպատակով։ «2011-2012 թվականներին շրջանառության մեջ են դրվել նորացված 1000, 5 հազար, 10 հազար և 20 հազար դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, որոնք ունեն միատեսակ և հեշտ ճանաչելի պաշտպանական հատկանիշներ ու բարձր պաշտպանվածություն»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում