Փաստ մեկնաբանությամբ

Արևելագետը հաջորդ տարի Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացում է կանխատեսում

3 րոպեի ընթերցում

Արևելագետը հաջորդ տարի Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացում է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթի երեք կետեր մոտ ապագայում ընկած կլինեն Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության հիմքում: Այդ մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակից Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Նրա խոսքով` ՀՀ Նախագահն ընդծել է բաժանարար գծերի և Հայաստանի մեկուսացմամբ իրականացվող տարածաշրջանային նախագծերի անընդունելիությունը: «Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքական, տնտեսական և կոմունիկացիոն շրջափակումն այլևս անհանդուրժելի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիշեցրեց արևելագետը:

Տեր-Մաթևոսյանի գնահատմամբ` եթե Թուրքիան շարունակի շրջափակման քաղաքականությունը, իսկ Հայաստանը դառնա Եվրոպական մաքսային միության անդամ, դա Թուրքիային ճնշելու լրացուցիչ լծակներ կստեղծի: «Կիպրոսից հետո Հայաստանը կլինի երկրորդ երկիրը, որը լինելով մաքսային միության անդամ, նույն միության մյուս անդամի հետ փակ սահման կունենա»,- ասաց արևելագետը:

Երկրի ղեկավարի ելույթում նա առանձնացրեց նաև այն դրույթը, որ ոչ մի ազգ հայ ժողովրդի կողմից չի ընկալվում որպես թշնամի, մինչդեռ մեր հարեւան պետությունը հայերին թշնամի է հայտարարում: Ըստ արևելագետի՝ ուղերձը ուղղված է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև` Թուրքիային: «Թուրք ժողովրդի հանդեպ հայ ժողովուրդը լայն առումով թշնամություն չի տածում: Խնդիրները, որոնք առկա են Թուրքիայի և Հայաստանի միջև, Թուրքիայի վատ քաղաքականության պատճառով է»,- ընդգծեց արևելագետը:

Արեւմտյան Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման առումով արևելագետը հույս հայտնեց, որ հաջորդ տարի կոնկրետ քայլեր կիրականացվեն: «Մենք ականատես կլինենք, որ Հայաստանի իշխանությունները առավել լուրջ և շոշափելի քայլեր կձեռնարկեն Արևմտյան Հայաստանում հայկական մշակութային ժառանգության պահպանման համար»,- ասաց Տեր-Մաթևոսյանը: Արևելագետի դիտարկմամբ, 2015 թվականին ընդառաջ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի Թուրքիայի հասարակության մեջ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը էականորեն նոր մակարդակի վրա բարձրացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում