«Օսկար»-ի ցանկում հայտնված «Եթե բոլորը..» ֆիլմը «Լուչեզարնի անգել» փառատոնում գրավել է երկրորդ տեղը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային բարեգործական 9-րդ «Լուչեզարնի անգել» («Лучезарный ангел» ) կինոփառատոնում արցախյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը..» ֆիլմը գրավել է երկրորդ տեղը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր Միքայել Պողոսյանը նշեց, որ երեկ է վերադարձել նոյեմբերի 1-ից -10-ը Մոսկվայում անցկացված փառատոնից:

«Ֆիլմը ստացավ երկրորդ մրցանակը բարության, գթասրտության, արդարության եւ դիմացինի հանդեպ սիրո թեմատիկայի համար»,- ասաց Պողոսյանը: Նրա խոսքով`մեկ անվանակարգի համար պայքարում էր մրցութային ծրագրում ընդգրկված 67 ֆիլմ:

«Եթե բոլորը..» ֆիլմը ցուցադրվել է փառատոնի շրջանակներում նոյեմբերի 4-ին` բացելով մրցութային ծրագիրը:

Առաջին տեղը «Լուչեզարնի անգել» փառատոնում բաժին է հասել ռեժիսորներ Ալեքսանդր Կասատկինի եւ Նատալյա Նազարովայի «Дочь» խաղարկային ֆիլմին: Հաղթողների եռյակում հայտնվել է նաեւ Պավել Ռումյանցեվի «Я буду рядом» ֆիլմը, որտեղ արծարծվում է մայրական սիրո եւ զոհաբերության գաղափարը:

Բարեգործական փառատոնի կազմակերպիչների հավաստմամբ` փառատոնը միտված է «բարի կինոյի վերադարձին», որը եւ փառատոնի խորագիրն է:

Ընդհանուր թվով «Լուչեզարնի անգել» փառատոնին ներկայացված էր 300 կինոժապավեն` նկարահանվածաշխարհի տասը երկրների կինոռեժիսորների կողմից:

Կինոփառատոնի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է Ռուսաստանի Սոցիալ-մշակութային գաղափարների ֆոնդի ղեկավար Սվետլանա Մեդվեդեւան:

ՀՀ անկախության եւ Հայոց բանակի 20–ամյակին նվիրված ֆիլմը հոկտեմբերի 9-ին «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության ընդլայնված ցանկում:

«Թիմ» փրոդաքշնի եւ Ազգային կինոկենտրոնի համատեղ արտադրության արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո ստեղծված ֆիլմում հնչում է հատված երգչուհի Լիլիթ Պիպոյանի երգերից, ֆիլմիկոմպոզիտորը Վահագն Հայրապետյանն է:

Հայերեն Русский