Երկու խոսք իսպանական Աբարանի մասին. թող եղբայրանան Աբարանն ու Ապարանը

7 րոպեի ընթերցում

ՎԱԼԵՆՍԻԱ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբեք չէի պատկերացնի, որ հազարավոր կիլոմետրեր հայրենիքիցս հեռու, իսպանական հողի վրա գեղեցիկ մի օր ... Աբարան անունով գյուղաքաղաքի կհանդիպեմ: Եվ փաստն ինձ համար այնքան անսպասելի էր, որ մտածեցի պահի ազդեցության տակ. հավանաբար, լոկ ապարանցի իմ հայրենակիցներից մեկն ի վիճակի կգտնվեր տվյալ պարագայում հարց տալ. «Իսկ ի՞նչ կա այդտեղ զարմանալու»: Շատ ավելի կարևոր բան գոյություն ունի այդտեղ, ինչն էլ ցանկություն առաջացրեց այս հոդվածը, հատկապես ի գիտություն մեր Ապարանի բնակիչների, գրելու:

Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Ինքնավար մարզում է գտնվում` կենտրոնից ընդհամենը 38 կիլոմետր հեռավորության վրա, Աբարան կոչվող և 115 քառակուսի կիլոմետր տարածություն ունեցող բնակավայրը, որտեղ, ինչպես հնագետների կատարած պեղումներն են վկայում, դեռևս բրոնզյա դարի ժամանակաշրջանում է կյանքը գոյացել: Տարիներ ու երկար դարեր են եկել և անցել, որոնք որոշ վկայություններ են թողել իրենց մասին, մինչև 1281 թ. գյուղը տեղի աշխարհագրական քարտեզի վրա հայտնվում է Ֆաուարան անվանումով: Պատմական փաստաթղթերը տեղեկացնում են, որ Ալֆոնսո X-ի որոշմամբ նվիրատվության կարգով այն փոխանցվել էր տեղացի ազնվական Էնրիկե Պերես դե Արանային: Բայց արաբական իշխանությունը միանգամայն բարենպաստ պայմաններ էր ստեղծել, բնականաբար, երկրում մահմեդականների գործոնի հզորացմանն ի նպաստ և, ինչպես ամենուրեք, նույնպես նաև ողջ Մուրսիայի տարածքում էր ամեն կերպ խրախուսվում Ղուրանը դավանող մարդկանց վերաբնակությունը նվաճված հողերում: Հարյուրամյակներ շարունակ տիրեց այստեղ այդ կացությունը, նախքան իսպանացիներին հաջողվեց վերջապես դուրս վտարել XVII դարում իր երկիրը ներխուժած թշնամիներին: Եկան այդ ժամանակ և արմատներ գցեցին Աբարանում առաջին քսան քրիստոնյա ընտանիքները, որոնք դարձան նոր տոհմերի հիմնադիրները ու ցայսօր էլ դեռ պահպանվում են այդտեղ նրանց ազգանունները կրող անմիջական ժառանգները: Հինգ եկեղեցիներ կառուցվեցին եկող ժամանակի մեջ փոքրիկ այդ վայրում: Բոլորն էլ գործում են կանոնավորապես: Իսկ ամենահայտնին ու սիրելին` Սան Կոսմե և Դամիանոյի մատուռն է, քանզի երկու այդ սրբերն են համարվում որպես քաղաքի պահապանները: Յուրաքանչյուր տարվա սեմպտեմբերի վերջին օրերին մի շարք միջոցառումներ են կազմակերպվում այստեղ հատուկ շուգով նշվող տոնակատարություններին, որ նվիրված են կաթոլիկ եկեղեցու վերոհիշյալ երկու նվիրյալներին: Տեղի են ունենում ավանդական կորիդաները: 1926 թ. բացված և 2000-ին վերանորոգված Սերվանտեսի անվան հրաշալի թատրոնում, որի բեմի վրա տարբեր տարիներին իրենց արվեստն են ներկայացրել երկրի մեջ ճանաչում վայելած դերասանները և որի դահլիճը նախատեսված է 504 հանդիստաեսի համար, անցկացվում են սարսուելայի` ազգային իսպանական օպերետի, քնարերգական գեղեցիկ մրցույթները: Հազար ու մի այլ արարողություններ են հետաքրքիր բովանդակությամբ ուրախացնում մարդկանց, որոնց նրանք անհամբերությամբ են սպասում տարեցտարի և ամեն անգամ յուրովի վայելում բարձր տրամադրությունն ու խնջույքի առիթները:

Հպարտության մյուս պատճառներից մեկը իսպանացի աբարանցիների համար իրենց պատկանող մի տարածությունն է, որտեղ տեղավորված են տակավին նախանցյալ դարում ստեղծված ջրամատակարարման մեքենաները: Համարվում է, որ նրանցից մեկը` 1805թ. գործող Նորիա Գրանդեն 11,92 մետր իր տրամգծով, ամենամեծն է Եվրոպայում: Մեկ վայրկյանում այն 25 լիտր ջուր է առաքում: Գյուղանտեսությամբ զբաղվող աբարանցիների համար, որոնց թիվը 2003թ. տվյալների համաձայն անցնում է 13 հազարի սահմանը, ամեն ինչ, որ օգտակար ծառայություն է մատուցում է դաշտերի ու այգիների բերքատվության արդյունքների բարձրացման համար, չափազանց մեծ դեր ու նշանակություն ունի: Իսկ այդ հարցում Աբարանի գյուղացիները այնպիսի առաջատար դիրքերում են, որ ամբողջ մարզում հավաքված մրգերի 60% նրանց է բաժին ընկնում, նաև` ողջ Մուրսիայում խաղողի բերքի 33% դարձյալ այստեղից է հավաքվում:

Նույն վայրի ու նրանում ապրող մարդկանց մասին կարելի է տասնյակ էջեր գրել ու ընդարձակ նյութ լրացնել, հիմնվելով նրա ներկայի ու անցյալի վրա: Լրատվական տեղեկությունը չէ, սակայն, տվյալ հոդվածիս անմիջական նպատակը: Ոչ էլ մեր կյանքի հետաքրքրաշարժ իրականության վրա ուշադրություն գրավելու ցանկությունն է: Հայերեն լեզվով իսպանական Աբարանի շուրջ խոսք բացելով, լրագրողական առանձին նյութ եմ զուգընթաց իսպաներեն լեզվով հայկական Ապարանի շուրջ պատրաստում: Մի մտադրությամբ` իբրև հրավերք, հղված համանուն երկու քաղաքների ղեկավարությանը, որպեսզի մեկնեն և սեղմեն մեկը մյուսի ձեռքը ամուր ու որպեսզի եղբայրանան վերջապես Աբարանն ու Ապարանը: Ես պատրաստ եմ իմ կողմից հնարավորին բոլոր քայլերը կատարել, տվյալ նախաձեռնության մեջ մասնակցությունս ցուցաբերելով, որպեսզի մեկ օր այն իրականության վերածվի: Պարզապես, իրոք տարօրինակ մի զուգադիպություն է, թե որքան ընդհանուր գծեր կան տարբեր պետությունների կազմում գտնվող նույնանուն քաղաքների պատմության մեջ, որոնցից ամեն մեկն`առանց մյուսի մասին գաղափար իսկ կազմելու, անցել են ճակատագրի կամքով դժվարությունների ու գոյապայքարի իրենց ճանապարհը, որի զանազան հատվածների վրա յուրաքանչյուրը պայքարել է իր ինքնության պաշտպանության և պահպանման համար: Եվ ո՛չ իսպանացին է հնազանդվել հանգամանքներին, ո՛չ էլ հայը:

Պատկերացնում եմ, ուրեմն, երրորդ մեր այս հազարամյակում ապարանցուն` իսպանական հողում գտնվող իր գյուղի տանը և աբարանյերոյին` հայոց աշխարհում կառուցված իր տանը: Զբոսաշրջության զարգացում, համագործակցություն, համատեղ մշակույթային միջոցառումներ, գյուղատնտեսություն... Շատ են բնագավառերը, որոնց համար պետք է նախապես ծրագրեր կազմվեն ու կյանքի կոչել: Դժվարն, ինչպես ասվում է, սկսելն է:

Արթուր Ղուկասյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում