Զոհված ազատամարտիկ Համլետ Գալստյանի մասին ֆիլմ է նկարահանվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված տղաների մասին պատմող վավերագրական ֆիլմաշարի առաջին ֆիլմն արդեն պատրաստ է. «Մարտն ընդունում ենք» խորագրով ֆիլմը պատմում է զոհված ազատամարտիկ Համլետ Գալստյանի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ազատամարտիկ Ռուբեն Հովհաննիսյանը, նմանատիպ ֆիլմաշար ստեղծելու գաղափարը դեռ վաղուց կար: «Ես այն գիտակցումն ունեի, որ անմահ գործ թողած անձանց եւս պետք է անմահացնել: Բացի դրանից, ես կռվի ժամանակ հասցրել էի մի քանի նկարահանումներ անել, ստեղծել էի հարուստ արխիվ, որը, իրապես, ափսոս էր, որ չօգտագործվեր»,-ասաց կինոռեժիսորը:
Ֆիլմաշարի առաջին ֆիլմում ներկայացված է ազատամարտիկ Համլետ Գալստյանը, ով կռվելու տարիներին քառասուն տարեկան է եղել եւ իր մարտական ընկերների կողմից ստացել է «տարեց» մականունը: «Մենք միշտ լսում էինք նրա խորհուրդները, զարմանում, թե ինչ բարձր ոգի ունի, հիանում նրանով»,- պատմում է կինոռեժիսորը:
Քսանից ավելի ֆիլմերի հեղինակ Ռուբեն Հովհաննիսյանը պատրաստվում է ֆիլմեր նկարահանել արցախյան հերոսամարտի ժամանակ զոհված բոլոր հերոսների մասին` հասարակությանը պատմելով նրանց գործի եւ սխրանքի մասին: Ավելին`Հովհաննիսյանը նախատեսում է նաեւ գիրք գրել: