Փաստ մեկնաբանությամբ

Հունգարիան ուներ օբյեկտիվ հնարավորություն` հասկանալու, որ Ադրբեջանում Սաֆարովին ներում է շնորհվելու. իրավաբան

2 րոպեի ընթերցում

 Հունգարիան ուներ օբյեկտիվ հնարավորություն` հասկանալու, որ Ադրբեջանում Սաֆարովին ներում է շնորհվելու. իրավաբան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի արդարադատությունը հստակ գիտակցում էր, որ Ադրբեջանի տարածքում Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի պատիժը կրելու նկատմամբ վերահսկողություն տարածելու որեւէ հնարավորություն չուներ: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց իրավաբան Արշակ Գրիգորյանը` մեկնաբանելով Հունգարիայի արդարադատության նախարարության կողմից «Արմենպրես»-ին տրամադրած բացառիկ հայտարարությունը, որի համաձայն` Հունգարիան Սաֆարովին հանձնել է Ադրբեջանին, որպեսզի այնտեղ նա կրի իր պատիժը:

«Հունգարիան ուներ օբյեկտիվ հնարավորություն` հասկանալու, որ Ադրբեջանում Սաֆարովին ներում է շնորհվելու, իսկ եթե չի հասկացել, ապա դա միայն իր խնդիրն է: Այդ երկիրը պետք է հավաստիացած լիներ, որ Ադրբեջանին հանձնելուց հետո մարդասպանը կրելու է սահմանված պատիժը»,-նշեց իրավաբանը: Նա շեշտեց, որ սպանվածը սովորական քաղաքացի չէ, այլ Ադրբեջանի համար հակառակորդ երկրի ազգություն ունեցող անձ: Անգամ հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորի սպանելուց հետո է Ադրբեջանը հերոսացնում իր զինվորին, ուստի նմանատիպ տասնյակ- հարյուրավոր հայտարարություններից հետո Հունգարիան ուներ օբյեկտիվ փաստեր` չհավատալու, որ Ադրբեջանը կիրականացնի իր մարդասպանի իրական պատիժը:

Օգոստոսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատժի կրումից ազատել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին: Հայ եւ ադրբեջանցի սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էրցմահ բանտարկության` առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում