Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիր, որի կարևոր բաղադրիչներից մեկը արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգի ստեղծումն է հանրապետության 6` Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից,Լոռու մարզից նշված ծրագրում ընդգրկված են 8 համայնքներ, որոնցից Ահնիձորի, Աթանի, Դսեղի, Շամուտի և Լորուտի կոոպերատիվների վարչության անդամների և համայնքապետերի հետ այսօր հանդիպեց աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը և ԳԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Հանդիպումը խորհրդատվական բնույթի էր, որի ընթացքում հիմնականում շոշափվեցին կոոպերատիվի գործունեության կարևոր պայմանները, նրա անդամների իրավունքներն ու պարտականությունները, կառավարման և զարգացման պլանների բաղադրիչներն ու օրախնդիր այլ հարցեր:
Օրվա երկրորդ կեսին նախարարն ու նրան ուղեկցող անձինք այցելեցին մարզում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող Հարթագյուղ և Սպիտակ համայնքներ: