1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության մասին պատմող«The Genex» վերնագրով լիամետրաժ ֆիլմ կնկարահանվի:Սփյուռքահայ գործարար, ֆիլմի պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանը, ռեժիսոր, սցենարիստ Սեւադան եւ բեմագիր Ալըն Քեթսը հայտարարել են, որ շարժապատկերի նախաարտադրական աշխատանքները կսկսվեն 2013 թվականին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez-ը, ամերիկյան էքշն-թրիլլեր ժանրում նկարահանվելիք ֆիլմը պատմում է Սելլի Սոլոմոն անունով մի երիտասարդ կնոջ մասին, ում կյանքը շրջադարձորեն փոխվում է իր հոր գաղտնիքը բացահայտվելուն պես: Իմանալով, որ հայրը կապ է ունեցել Հայոց ցեղասպանության իրականացման հետ եւ առերեսվելով անցյալին` Սելին «փախչում» է իր ընտանիքից, իր էթնիկ ծագումից:
Ժապավենն անդրադառնում է այն խնդրին, որ չպետք է խուսափել պատմությունից, այլ պետք է առերեսվել դրան:
Ֆիլմի դերասանների ընտրության համար 2013 թ. քասթինգ կհայտարարվի: Նկարահանումները կանցկացվեն Նյու Յորքում, Ֆրեզնոյում եւ Երեւանում: