Քաղաքականություն

ԱՄՆ Սենատում Մորնինգսթարը պատասխանել է ԼՂ հակամարտության եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցերին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատում Մորնինգսթարը պատասխանել է ԼՂ հակամարտության եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունները եւ այդ երկրի ներսում մարդու իրավունքների նկատմամբ շարունակական ճնշումները քննարկվել են հունիսի 13-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում` Ադրբեջանի նոր դեսպանի նշանակման լսումների ընթացքում: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: Սենատոր Ռոբերտ Մենենդեզը եւ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպական հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Ջին Շահինը դեսպանի թեկնածու Մորնինգսթարին հստակ հարցեր են ուղղել Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների, Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում խաղաղ եւ տեւական լուծում գտնելու վերաբերյալ:

Ռիչարդ Մորնինգսթարը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի աշխատել Ադրբեջանի հետ` խթանելու ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները: «Տարածաշրջանում ավելի անվտանգ ապագայի հասնելու համար ԱՄՆ-ի համար չկա ավելի մեծ առաջնահերթություն, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,-նշել է Մորնինգսթարը:

Նրան ուղղած հարցերում սենատոր Մենենդեզը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել վերջերս երկու երկրների սահմանաին տեղի ունեցած միջադեպերի, նախագահ Ալիեւի կողմից հնչող սպառնալիքների եւ հայտարարությունների վրա, որտեղ նշում է, որ իրենց թշնամիները հայերն են, որ հայերը պետք է միշտ ապրեն վախի մթնոլորտում: Սենատորը հարց է բարձրացրել` արդյոք նման երկրին ռազմական տեխնիկա վաճառելը բխում է ԱՄՆ շահերից: «Ադրբեջանը լարված հարաբերությունների մեջ է նաեւ մյուս հարեւանների հետ, մասնավորապես Իրանի: Կարծում եմ, որ ռազմական օգնությունը չի կարող օգտագործվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ»,-նշել է Մորնինգսթարը: Մենենդեզը նաեւ բարձրացրել է ադրբեջանական կողմից Հին Ջուղայիհայկականգերեզմանատան ավերման հարցը, որին Մորնինգսթարը պատասխանել է. «Եթե նշանակվեմ դեսպան, ամեն ջանք կգործադրեմ` այցելելու գերեզմանատուն: Նման ցանկացած գործողություն անընդունելի է»:

Սենատոր Մենեդեզը կոչ է արել դեսպանի թեկնածուին նշանակման դեպքում ճիշտ օգտագործել իր դիրքն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հարց ուղղել Մորնինգսթարին` արդյոք նրա համար վիճարկելի են 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերն ու հայերի սպանությունների փաստերը: Դեսպանի թեկնածուն պատասխպանել է. «Ոչ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում