Փաստ մեկնաբանությամբ

Կ. Ավագյան. «Բանակի խնդիրը բոլորինս է»

2 րոպեի ընթերցում

Կ. Ավագյան. «Բանակի խնդիրը բոլորինս է»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդկանց որոշ խմբեր հետեւողականորեն, միտումնավոր շարունակում են հակաբանակային արշավը»,- այսօր Ազգային ժողովում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը' հիշեցնելով մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած զորահանդեսն ու հպարտության այն զգացումը, որ պատել էր յուրաքանչյուրիս: Նրա դիտարկմամբ' պատահական չէ, որ նման զորահանդեսից հետո ոտնձգությունները մեր հաղթանակած բանակի նկատմամբ շատացան:

Պատգամավորի խոսքով' դա ապացույցն է այն բանի, որ բանակի հեղինակությունը մեծ է, ինչը չի բխում ոմանց շահերից: «Կիրառվող սեւ տեխնոլոգիաներն ակնհայտ են: Կան բաներ, որ չի կարելի անել: Բանակի նկատմամբ նման հակաքարոզչությունն ինքդ քեզ թուլացնելու, ինքդ քեզ հարված հասցնելու լավագույն միջոցն է: Բանակն ինքնապաշտպանություն է, իսկ առանց ինքնապաշտպանության բաց ենք բոլոր թշնամիների առաջ»,- ընդգծեց Կ. Ավագյանը:

Ինչպես նկատեց պատգամավորը, մեր զինված ուժերի առավելություններին լավագույն գնահատականը տվել են օտար փորձագետները' 20-ամյա հայոց ազգային բանակն անվանելով տարածաշրջանում ամենամարտունակն ու կազմակերպվածը: «Ոչ ոք չի ժխտում, որ աշխատանքի ընթացքում կարող են լինել նաեւ խնդիրներ, ինչին պաշտպանական գերատեսչությունը եւ հատկապես պաշտպանության նախարարը օպերատիվությամբ արձագանքում են»,- շեշտեց նա' հիշեցնելով, որ 2011թվականն իր կարգապահական ցուցանիշներով լավագույնն է ՀՀ զինված ուժերի պատմության մեջ:

Կ. Ավագյանն ընդգծեց, որ զոհված զինծառայողների հարազատների խաղաղ ցույցերն ընդունելի ու հասկանալի են, սակայն անհասկանալի են այն մարդկանց գործողությունները, որոնք փորձում են օգտագործել մեր բոլորի ցավն ու վիշտը' որոշակի քաղաքական դիվիդենտներ շահելու համար: «Հույս ունեմ, որ պատվեր իրականացնողները կհասկանան, որ բանակը պաշտպանում է ոչ միայն իմ ու ձեր, այլեւ իրենց ընտանիքները: Բանակի խնդիրը բոլորինս է»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում