Ֆիլմեր եւ ծրագրեր` երեխաներին ընտանիք վերադարձնելու համար
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մոտ 4 հազար երեխա ապրում է մանկատներում եւ գիշերօթիկ դպրոցներում: Նրանց ավելի քան 80 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող: Սա հայկական իրականության ցավոտ կողմերից է, որը փորձել է վեր հանել եւ լուծումներ առաջարկել Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը կարեւորեց այն հանգամանքը, որ Հայաստանում մանկատները եւ հատուկ գիշերօթիկ դպրոցներն անհամապատասխան վայր են երեխաների ապրելու համար: «Մեր կարծիքով' 4000 երեխա' մանկատներում, պատշաճ իրավիճակ չէ հայ իրականության համար, իսկ իրավիճակը փոխելու համար պետք է լուծումներ գտնել»,- ասաց նա' հավելելով, որ ինքը' որպես այլընտրանք, հարցի լուծումը տեսնում է խնամատար ընտանիքներ ստեղծելու մեջ: «Հայաստանի մանկատները բեռնաթափելու ծրագրով նախատեսվում է Հայաստանում ստեղծել 25 խնամատար ընտանիք, որտեղ կմեծանան ծնողազուրկ երեխաները»,- հիշեցրեց Է. Սահակյանը' փաստելով, որ այսօր կա խնամատար 22 ընտանիք, որտեղ ապրում է 23 երեխա: Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն այդ ծրագրի շրջանակներում ավելացրել է «Ես ունեմ իրավունքներ» անվանակարգը, որտեղ ներկայացված ֆիլմերը պատմում են երեխաների իրավունքների մասին: Որպես կոչ' ամեն տարի հնչում է որեւէ հանրաճանաչ մարդու խոսքը: Այս տարի, ինչպես տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ «Ռոլան Բիկով» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը,իր կոչն է հղելու լատվիացի դերասան Իվար Կալնինշը: Առաջին անգամ Հայաստանում գտնվող դերասանն արդեն տեղյակ է Հայաստանի մանկատների լեփ-լեցուն լինելու մասին: «Նույնիսկ չգիտեմ ինչ խորհուրդ տալ, միայն վստահ եմ, որ երեխաները պետք է մեծանան սիրո մթնոլորտում: Իսկ իրավիճակից ինչ- որ ելք պիտի լինի»,-նշեց Ի. Կալնինշը' օրինակ բերելով Շվեյցարիան, որտեղ, նրա խոսքերով, մանկատներ չկան, այլ միայն խնամատար ընտանիքներ են: Հիշեցնենք, որ Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին եւ ամփոփվելու է նույն ամսվա 26-ին: