Ա. Ալավերդյանն ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրում վտանգ չի տեսնում
1 րոպեի ընթերցում
![Ա. Ալավերդյանն ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրում վտանգ չի տեսնում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2011/10/666581.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը պատմական նշանակություն ունեցող փաստաթուղթ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում ստորագրված համաձայնագրին, այսօր նման գնահատական տվեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
«Ես' որպես փորձագետ, վստահեցնում եմ, որ որեւէ վտանգ չկա այդ համաձայնագրում: Մենք Ռուսաստանի հետ այդպիսի համաձայնագիր ունեցել ենք, որը բավականին լավ է գործել այս տարիների ընթացքում: Այս համաձայնագրով համագործակցության շրջանակն է ընդլայնվում»,- ասաց Ա. Ալավերդյանը: Նրա խոսքով' Հայաստանն այսօր արտահանման խնդիր ունի, իսկ ազատ առեւտրի ռեժիմով հայկական ապրանքներն ԱՊՀ անդամ երկրներ կարող են արտահանվել առանց մաքսատուրքերի. արդյունքում ապրանքներն ավելի մրցակցային կդառնան:
«Սա տնտեսական համաձայնագիր է, որից մենք պետք է փորձենք օգուտ քաղել, ոչ թե վախենալ, որ ինչ-որ վատ հետեւանքներ այն կարող է ունենալ»,-ասաց Ա. Ալավերդյանը: