Փաստ մեկնաբանությամբ

Սողանքից առաջացած հողային զանգվածը վտանգ է ներկայացնում Դեբեդ գետի եւ երկաթգծի համար

2 րոպեի ընթերցում

Սողանքից առաջացած հողային զանգվածը վտանգ է ներկայացնում Դեբեդ գետի եւ երկաթգծի համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի պատճառը եղել է մեծ քանակությամբ ջուրը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, տեւական անձրեւների եւ ոռոգման ջրերի կուտակումը հանգեցրին փլուզման' պատճառ դառնալով սողանքի:

Վ. Գաբրիելյանի խոսքով' 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո սողանքը Հայաստանի տարածքում տեղի ունեցած ամենամեծ աղետն էր: Գահավիժել է 3 մլն քմ հողային զանգված: Տարածքի երկարությունը կազմել է 300 մ, խորությունը' 60 մ, 150 մ հողային զանգված տեղափոխվել է:

Ինչպես նշեց գեներալ-մայորը, առաջիկայում աշխատանքներ կիրականացնեն ճանապարհի բանողունակությունը վերականգնելու համար: «Տարածքը պետք է մաքրել' անկախ նրանից, այն հետագայում կգործարկվի թե ոչ: Այդպիսի մեծ քանակության հողային զանգվածը վտանգ է ներկայացնում Դեբեդ գետի եւ երկաթգծի համար»,- նշեց նա:

Վ. Գաբրիելյանը տեղեկացրեց նաեւ, որ ողբերգության առաջին իսկ րոպեներից համապատասխան ծառայությունները բարձր մակարդակի կազմակերպվածություն են դրսեւորել: Ինժեներական տեխնիկան գործողության մեջ չի դրվել միայն անվտանգության նկատառումներով. սողանքը ակտիվ վիճակում է եղել, եւ ծանր տեխնիկայի կիրառումը կարող էր նոր սողանքի պատճառ դառնալ: Այս պահին միայն մեկ մեքենա է մնացել, որ չի հանվել փլվածքի տակից, ինչը կարվի առաջիկա օրերին:

Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած մի քանի երկրաշարժերին' Վ. Գաբրիելյանն ասաց, որ Հայաստանը գտնվում սեյսմիկ գոտում, եւ նման երկրաշարժերը Հայաստանում բնական երեւույթ են: «Ավելի շատ պետք է մտածել այն մասին, որ բնակչությունն առավելապես իրազեկված լինի, թե նման դեպքերում ինչ քայլերի պետք է դիմի»,- նշեց Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում