Փաստ մեկնաբանությամբ

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ադրբեջանի առաջարկած ղարաբաղյան կարգավորման բանաձեւի նախագիծը չի քննարկվել

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ադրբեջանի առաջարկած ղարաբաղյան կարգավորման բանաձեւի նախագիծը չի քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստում հոկտեմբերի 7- 10-ն անցկացված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Ադրբեջանի առաջարկած ղարաբաղյան կարգավորման բանաձեւի նախագիծը չի քննարկվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամներ Ստեփան Սաֆարյանն ու Կարեն Ավագյանը: Վերջինս շեշտեց, որ չնայած Ադրբեջանի ռազմավարական նպատակը եվրոպական կառույցներում տարբեր բանաձեւերի ընդունումն է, որը նրանց մոտ կարծես թե չի ստացվում, Հայաստանի համար ղարաբաղյան կարգավորման գլխավոր հարթակը մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Ս. Սաֆարյանի տեղեկացմամբ' ադրբեջանցիների առաջ քաշած տեքստը վեհաժողովի այս նստաշրջանում վերանայվել է ու չեզոք տեսք ստացել, որն էլ առաջացրել է ադրբեջանական պատվիրակության դժգոհությունը: Իսկ այն փաստը, որ այդ տեքստում չի եղել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար վտանգավոր որեւիցե տերմին,օրինակ' «ագրեսոր», «էթնիկ զտումներ» եւ այլն, Ս. Սաֆարյանը բացատրեց նրանով, որ հնարավոր պատճառներից մեկը կարող են լինել ադրբեջանական նոր պատվիրակության լեզվական խնդիրները: «Նրանք անգլերեն ու ռուսերեն չգիտեն: Նրանց ամբողջ ռազմավարությունը կուլուարային բանակցություններն են եւ մեզ հայտնի մեթոդներով խորհրդարանականների բարեհաճությունը շահելը»,- հավաստիացրեց Ս. Սաֆարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում