Փաստ մեկնաբանությամբ

Հայերը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց խոցելի չեն համարում

2 րոպեի ընթերցում

Հայերը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց խոցելի չեն համարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց մասին հայ հասարակության պատկերացումները դեռ ձեւավորված չեն: Գիտելիքի տեսանկյունից այն համարվում է հիվանդություն, նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը բացասական է, դիրքորոշումը' դատապարտելի: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոնի սոցիոլոգ Արուս Հարությունյանը, այս տարի սոցիոլոգիական հետազոտություն է անցկացվել Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում' ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը վերլուծելու համար: Ըստ նրա' հետազոտությունը նպատակ է ունեցել պարզել խոցելի խմբերը ՀՀ-ում, տեղեկացվածությունը ԼԳԲՏ անձանց մասին, վերաբերմունքն ու դիրքորոշումը նրանց հանդեպ: Հանրապետության երեք քաղաքներում իրականացվել է 1 156 հարցազրույց:

«Հարցվողներն առանձնացրել են սոցիալական խմբերը, որոնք, իրենց կարծիքով, խոցելի են: Նրանցից 31.3 տոկոսն առանձնացնում է հաշմանդամություն ունեցող անձանց, 24.8 տոկոսը կարծում է, որ խոցելի են ծերերն ու թոշակառուները, իսկ ԼԳԲՏ անձանց' 6.3 տոկոսը»,- ասաց նա:

Ինչպես նշեց սոցիոլոգը, Վանաձորում, մնացած երկու քաղաքների համեմատ, մեծ տոկոս են կազմում այն հարցվողները, ովքեր կարծում են, որ այս սոցիալական խմբին պատկանող անձինք ընդհանրապես չկան' 5.1 տոկոս, դրան հակառակ' երեւանցիներն ամենաշատն են տեղեկացված այս հարցի վերաբերյալ' 44.6 տոկոս:

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանի խոսքով' ցանկացած պետության բնակչության 4-ից 5 տոկոսը կազմում են սեռական փոքրամասնությունները: Ըստ նրա' պետք է հասարակության մեջ ճիշտ կարծիք ձեւավորել այս հարցի շուրջ, բացահայտել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ԼԳԲՏ անձանց խնդիրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում