Փաստ մեկնաբանությամբ

Ն. Զոհրաբյան. «ՀՀ-ում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւում տրված է ճշգրիտ դրական գնահատական»

3 րոպեի ընթերցում

Ն. Զոհրաբյան. «ՀՀ-ում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւում տրված է ճշգրիտ դրական գնահատական»

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԵԽԽՎ այս նստաշրջանում մեզ համար կարեւորագույն քննարկումներից մեկը վերաբերում էր Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե մենք համեմատում ենք վերջին տարիներին այս հարցի առնչությամբ ԵԽԽՎ ընդունած բանաձեւերը' 1609, 1620, 1643, 1677, ապա ակնհայտ է, որ այս բանաձեւը բավականաչափ դրական է եւ վերջին քաղաքական զարգացումներին տրված է ճշգրիտ դրական գնահատական' իհարկե պահպանելով որոշակի մտահոգություններ, ինչն իրենց ելույթներում հայտնել են նաեւ մեր պատվիրակության անդամները»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Նրա ներկայացմամբ' վերջին քաղաքական զարգացումները, մասնավորապես' համաներումը, դրական է գնահատված: «Սակայն ես իմ ելույթում շատ կարեւորել եմ առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, որոնցից շատ բան է կախված մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին»,- նշեց պատգամավորը:

Բանաձեւում անդրադարձ է կատարվում նաեւ ընտրական օրենսգրքին: «Բոլորս էլ հասկանում ենք, որ կարելի է կատարելության հասցնել ցանկացած օրենսգիրք, բայց, իհարկե, կարեւորն այդ օրենսգիրքը կատարելու քաղաքական կամքն է»,- կարծիք հայտնեց Ն.Զոհրաբյանը:

Բանաձեւի քննարկման ժամանակ հայկական պատվիրակությունը ողջ կազմով լքել է դահլիճն այն բանից հետո, երբ ադրբեջանական պատվիրակությունը գրեթե ողջ կազմով հերթագրվել էր «իրենց հերթական անհեթեթ մեղադրանքները ներկայացնելու համար»:

«Բանաձեւի նախագիծը եւ վերջնական տարբերակն էական փոփոխություններ չեն կրել, մի քանի խմբագրական ճշգրտումներ են եղել»,- ասաց Ն.Զոհրաբյանը' հավելելով, որ մարտի 1-2-ի դեպքերի մասով վեհաժողովը գտնում է, որ իր համար այդ էջը փակված է, այդուհանդերձ ԵԽԽՎ-ի ուշադրությունը 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հարցում չի նվազելու:

Ն. Զոհրաբյանը նաեւ մեջբերեց Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի շատ կտրուկ արձագանքն ադրբեջանական պատվիրակությանը, երբ նա խորհուրդ է տվել ադրբեջանցիներին իրենց մեծ եռանդն ուղղել սեփական երկրի ներքին խնդիրները լուծելուն, «այլապես տպավորությունն այնպիսին է, թե խոսում են ժողովրդավարական երկրի ներկայացուցիչներ»: «Սա իրապես մեծ ապտակ էր ադրբեջանական պատվիրակությանը եւ ճշգրիտ գնատական վեհաժողովում նրանց գործունեությանը»,- ընդգծեց Ն.Զոհրաբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում