Փաստ մեկնաբանությամբ

Նկատվում է անչափահասների կողմից կատարված գողությունների թվի աճ

3 րոպեի ընթերցում

Նկատվում է անչափահասների կողմից կատարված գողությունների թվի աճ

ԵՐԵՎԱՆ« 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում նկատվում է անչափահասների կողմից կատարված գողությունների թվի աճ'ի տարբերություն նախորդ տարվա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանը, 2011թ. ութ ամիսներին արձանագրվել է գույքի հափշտակման 202 դեպք' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 171 դեպքի փոխարեն:Սրա փոխարեն նկատվում է անչափահասների կողմից կատարված սպանությունների թվի նվազում: Եթե 2010թ-ին գրանցվել է սպանության 3 դեպք, ապա 2011թ-ի ութ ամիսների ընթացքում սպանության ոչ մի դեպք չի արձանագրվել:

«Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու համար մենք իրականացնում ենք մեր գործառույթները, եւ աշխատանքներ են տարվում այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ»,-նշեց նա' հավելելով, որ հանցագործությունների կատարման առաջին դրդապատճառը ոչ այնքան սոցիալական վիճակն է, որքան ընտանիքի մեղավորությունը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանիքն է մեղավոր, որ երեխան հանցագործ է դառնում: «Երեխայի դաստիարակության հարցում առաջնահերթ տեղն ընտանիքինն է: Հանցագործություն կատարած անչափահասների մեծ մասն այն երեխաներն են,որոնք մատնված են անուշադրության եւ գտնվում են հսկողությունից դուրս: Հաճախ բացակայում են ծնողների տարրական մանկավարժական գիտելիքները: Անչափահասների հանցավորությանը նպաստող պայմաններից է զբաղվածության պակասը, ընտանիքի ու դպրոցի միջեւ պատշաճ կապի ու համագործակցության բացակայությունը»,- մտահոգություն հայտնեց նա' ավելացնելով, որ կան սոցիալապես ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներ, որոնց երեխաները երբեք հանցագործություն չեն անի:

Նելլի Դուրյանի փոխանցմամբ' հիմական հանցագործություններ կատարողները 14-18 տարեկան անչափահասներն են: «Հանցագործություն կատարած 14-ից բարձր տարիքի անչափահասների նկատմամբ կիրառվող, ազատազրկման հետ չկապված պատժամիջոցների հսկողությունն իրականացվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից»,-նշեց նա: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետը տեղեկացրեց, որ լինում են դեպքեր, երբ նույն անչափահասը մի քանի անգամ է դիմում նույն քայլին:Հանցագործությունների մեծ մասը մանր գողություններն են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում