Փաստ մեկնաբանությամբ

Տուբերկուլոզի հիվանդացության մակարդակը նվազում է

3 րոպեի ընթերցում

Տուբերկուլոզի հիվանդացության մակարդակը նվազում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում մոլորակի բնակչության մոտ 1/3-ը վարակված է տուբերկուլոզով: Ամբողջ աշխարհում տարեկան հիվանդանում է 8-10 միլիոն մարդ եւ մահանում 2.7 - 3 միլիոնը:

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի գրասենյակի' «Արմենպրես»-ին տրամադրած տվյալների համաձայն' 2011թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում արձանագրվել է տուբերկուլոզով հիվանդների 771 դեպք, որից 576-ը' նոր դեպքեր:

2010 թվականին Հայաստանում գրանցվել է տուբերկուլոզի 1 346 նոր դեպք' 2009թ-ի 1 474-ի փոխարեն: 2010թ. Հայաստանում առաջին անգամ ախտորոշված հիվանդների 66.7 տոկոսը բնակվում են քաղաքներում, 33.3-ը' գյուղերում:

2010թ-ին 100 հազար ազգաբնակչության մեջ արձանագրվել է տուբերկուլոզի 43.1 նոր դեպք, իսկ մահացության ցուցանիշը կազմել 2.9:

Արդեն 10 տարի է' ՀՀ կառավարության որոշմամբ տուբերկուլոզն ընդգրկվել է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում: Չբուժվելու դեպքում 1 տարվա ընթացքում հիվանդը վարակում է 10-15 մարդու' սկսելով ընտանիքի անդամներից: Հիվանդությունը կարող է զարգանալ, երբ ընկնում է օրգանիզմի դիմադրողականությունը. ծխելը, ալկոհոլը, թմրանյութերի կիրառումը նպաստում են օրգանիզմի դիմադրողականության անկմանը, նաեւ'տուբերկուլոզի զարգացմանը:

«Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող այս հիվանդությունը լիովին բուժելի է, եւ Հայաստանի ողջ տարածքում բուժումն անցկացվում է անվճար: Հիվանդությունը մահացու է, եթե այն հայտնաբերվել է վերջին փուլում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի գրասենյակի տնօրեն Արմեն Հայրապետյանը:

Երկարատեւ ջերմության, հազի, խորխարտադրության, քաշի անկման եւ այլ կասկածելի ախտանիշների դեպքում քաղաքացիները կարող են դիմել պարզապես պոլիկլինիկա: Տուբերկուլոզի բուժումը տեւում է 1,5-2 տարի (բուժվում է դժվար կառավարելի կողմնակի ազդեցություն ունեցող դեղերով): Որքան վաղ է կազմակերպվում բուժումը, այնքան արագ է լինում ապաքինումը:

Եթե տուբերկուլոզի դեմ պայքարի համակարգը հնարավորինս արագ չբարելավվի, ըստ մասնագետների կանխատեսումների, 2000-2020թթ. կվարակվի 1մլրդ, կհիվանդանա 200մլն եւ կմահանա մոտ 40մլն մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում