Փաստ մեկնաբանությամբ

Ս. Շաքարյանց. «Սարկոզիի այցն ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի էր»

2 րոպեի ընթերցում

Ս. Շաքարյանց. «Սարկոզիի այցն ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի էր»

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետք չէ Ֆրանսիայի նախագահի երեւանյան ելույթը, նրա հնչեցրած բոլոր հայտարարությունները որակել որպես PR կամ առաջիկա նախագահական ընտրություններում առաջընթացի նախադրյալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը' հավելելով, որ քննադատելու փոխարեն, անհրաժեշտ է շնորհակալություն հայտնել Նիկոլա Սարկոզիին նման հայանպաստ հայտարարությունների համար:

Նրա խոսքով' Հայոց ցեղասպանության հետեւանքով Ֆրանսիայում բնակվող հայերը այժմ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ են եւ ունեն տարիների ընթացքում հստակ ձեւավորված քաղաքական դիրքորոշում, որի վրա ազդելը հեշտ չէ:

«Ֆրանսիայում բնակվող հայերն այնտեղի քաղաքացի են, եւ նրանց հանրապետության ղեկավարի շահերից է բխում վերականգնել պատմական արդարությունը, եւ այստեղ քաղաքական շահ լինել չի կարող»,- կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը' հավելելով, որ ֆրանսահայերի քաղաքական կամքն ամուր է:

Քաղաքագետները, անդրադառնալով ֆրանս-թուրքական առաջիկա հարաբերություններին, նշեցին, որ ամենայն հավանականությամբ դրանց կտրուկ անկում չի սպասվում:

«Ըստ էության' մեկ նախագահ չի կարող փոխել անդրկովկասյան տարածաշրջանում տիրող բարդ քաղաքական իրավիճակը, սակայն ամեն դեպքում Սարկոզիի այցը կարող ենք բնութագրել' ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի»,- հավելեց Ս. Շաքարյանցը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերի 6-7-ը պետական այցով Հայաստանում էր, այնուհետեւ նա մեկնել է Ադրբեջան եւ Վրաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում