Փաստ մեկնաբանությամբ

Աշխարհում ու Հայաստանում տղամարդ ուսուցիչների թիվը նվազում է

4 րոպեի ընթերցում

Աշխարհում ու Հայաստանում տղամարդ ուսուցիչների թիվը նվազում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակության մեջ պետք է բարձրացնել ուսուցչի դերն ու նշանակությունը, որպեսզի մանկավարժի աշխատանքը սիրելի ու պահանջված դառնա ինչպես իգական, այնպես էլ հակառակ սեռի կողմից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը' հավելելով, որ ուսանողների, այդ թվում' ուսուցիչների ճնշող մեծամասնությունը, ինչպես այժմ Հայաստանում, այնպես էլ անգամ Խորհրդային ու հետխորհրդային տարածքում կանայք են:

Հոկտեմբերի 5-ն Ուսուցչի օրն է, որը միակ մասնագիտական տոնն է, որն ընդգրկված է ՀՀ տոների եւ հիշատակությունների շարքում: Մանկավարժի տոնի կապակցությամբ Հայաստանում ամենից շատ շնորհավորանքներ են ստանում իգական սեռի ներկայացուցիչները:

Հայաստանի դպրոցներում դասավանդում է 41 հազար 402 ուսուցիչ, որից ընհամենը 6 հազար 342-ն է տղամարդ. վերջիններիս թիվը, տոկոսային արտահայտմամբ, կազմում է ընդհանուրի շուրջ 15 տոկոսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի վերլուծական բաժնի վարիչ Գագիկ Բադունցը, 2010-2011 ուստարվա հաշվետվության տվյալներով' Հայաստանի դպրոցներում դասավանդում է 25-ից 34 տարեկան հազար 415 տղամարդ ուսուցիչ, 35-ից 49-ը տարեկան' 2 167, իսկ 50-ից 60 տարեկան տղամարդ ուսուցիչների թիվը, մյուս տարիքային խմբերի համեմատ, ամենաշատն է' 2524, այդ թվում' 65 տարեկանից բարձր Հայաստանի դպրոցներում դասավանդում է արական սեռի 236 ներկայացուցիչ:

Ըստ Մանկավարժական համալսարանի ռեկտորի' Հայաստանում դպրոցների ճնշող մեծամասնությունը պետական են ու գտնվում են պետության ֆինանսավորման ներքո, իսկ մասնավորները, որոնք ավելի բարձր են վարձատրում ուսուցիչներին, մեր երկրում շատ քիչ են: «Ապագա մասնագիության հետ կապված սոցիալական ակնկալիքները պայմանավորում են նշված հանգամանքը: Այս խնդրից ելնելով' մանկավարժի աշխատանքը չի կարող բավարար գումար աշխատելու միջոց լինել, հատկապես, երբ այն չի զուգակցվում ադմինիստրատիվ գործունեության հետ: Ինչպես ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում հասարակության մեջ ուսուցչի աշխատավարձը չի հանդիսացել ամենաբարձրը. սա բխում է ցանկացած պետության պայմաններից»,- նշեց Ռ. Միրզախանյանը:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մանկավարժի մասնագիտությամբ սովորում է 11664 ուսանող, որից 2362-ն արական, իսկ 9 302-ն իգական սեռի ներկայացուցիչ: Այս տարի համալսարանն ընդունել է 547 առաջին կուրսեցի, որոնցից' 384-ն իգական սեռի ներկայացուցիչ, 163-ն' արական: Բակալավրի առկա ուսուցմամբ սովորում է 5 446, որից 1040-ը տղամարդ, իսկ հեռակա' 4 295, որից տղամարդ' 1072-ը, մագիստրատուրայի առկա մուսուցմամբ Մանկավարժական համալսարանում սովորում է 1460, որից 190-ը տղամարդ, իսկ հեռակա' 133, որից տղամարդ' 16-ը, այդ թվում' ասպիրանտուրայում' 27, որից ընդամենը 12-ը տղամարդ: Մանկավաժական համալսարանն ունի 303 հայցորդ, որից տղամարդ' 32-ն են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում